ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 26-ամյա պարուհու բռնաբարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ  պարզվել է, որ 26-ամյա պարուհին աշխատել է Երեւանի պանդոկներից մեկում եւ աշխատանքն ուշ ավարտելու պատճառով  տուն վերադառնալու համար առհասարակ օգտվել է տաքսի ծառայությունից:

2015թ. ապրիլին պարուհին պայմանավորվածություն է ձեռք բերել  տաքսի ծառայություններից մեկի վարորդի հետ, որ վերջինս իր տաքսի ավտոմեքենայով աշխատանքից  տուն տանի:

Նախնական քննության տվյալներով՝ 2015թ. հունիսի 3-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, հերթական անգամ աղջիկը տուն գնալու նպատակով նստել է տվյալ տաքսի ավտոմեքենան: Վարորդն առաջարկել է «հաց ուտել» եւ ավտոմեքենան վարել Երեւան քաղաքում գտնվող հյուրանոցներից մեկի ուղղությամբ, որտեղ աղջկա  նկատմամբ բռնություն գործադրելով, նրա կամքին հակառակ՝ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ` Գ.Շատոյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով, եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, եւ գործն ուղարկվել Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: