Կարմիր խաչի միջազգային կոմիտեն լրատվամիջոցներից տեղեկացել է Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարության մասին, սակայն ձեռնպահ է մնում այդ առթիվ որեւէ մեկնաբանությունից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել են ԿԽՄԿ երեւանյան պատվիրակությունում:

ԿԽՄԿ երեւանյան պատվիրակությունից նշել են, որ ԿԽՄԿ-ն պարբերաբար գաղտնի երկխոսություն է իրականացնում ԼՂ հակամարտության կողմերի հետ, սակայն չի բացահայտում երկկողմ հանդիպումների արդյունքները եւ հրապարակային մեկնաբանություններ չի անում:

Միաժամանակ, պատվիրակությունում ընդգծել են, որ ԿԽՄԿ առաքելության նպատակն է պաշտպանել հակամարտությունից եւ բռնության այլ ձեւերից տուժածներին: «Դա բացառապես մարդասիրական առաքելություն , եւ մենք հանդես չենք գալիս որպես քաղաքական կազմակերպություն: Մենք չենք մասնակցում հետաքննությունների կամ քաղաքական բանավեճերի»,-նշել են ԿԽՄԿ պատվիրակությունում:

Նշենք, որ, ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, այդ երկրի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Պատրիկ Վիալի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «Հայաստանի կողմից սիրիահայ փախստականների վերաբնակեցումը Ադրբեջանի օկուպացված տարածքներում հակասում  միջազգային մարդասիրական իրավունքին, եւ այդ հարցը պետք է հետաքննվի ԿԽՄԿ մանդատին համապատասխան»: