Երևանը մշակույթի եւ արվեստի քաղաք է, որն էլ ապացուցում է, որ այս ազգը բարձրարժեք մշակույթ ստեղծած ժողոուրդ է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայկական հարցի վերաբերյալ բազմաթիվ փաստավավերագրական գրքերի հեղինակ, թուրք գրող Քեմալ Յալչընը՝ նշելով, որ առաջին անգամ է Հայաստանում եւ հիացած ու զարմացած է Երևանի գեղեցկությամբ, հուշարձանների բազմազանությամբ, փողոցների և թաղամասերի անվանումներով։

«Հայաստան գալուց հետո հայերին սկսեցի ավելի սիրել։ Պետք է ՅՈՒՆԵՍԿՕ-ին դիմել, որպեսզի Երևանը մշակույթի և արվեստի քաղաք հռչակվի։ Ցնցված եմ՝ Երևանում Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի հայկական բնակավայրերի անվանումներով են թաղամասերը, Օղակաձև այգուց ոտքով քայլել եմ մինչև Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, և ամեն մի քառակուսի մետրի վրա  արվեստի գործիչների և այլ բնագավառների հայտնի մարդկանց արձաններն եմ տեսել։ Այսպիսի բան, ըստ բնակչության քանակի՝ աշխարհի շատ քիչ քաղաքներում կարելի է հանդիպել։ Ինձ շատ զարմացրեց նաև մետրոյի անվանումը՝ «Բարեկամություն», հենց այսպիսի անվանումներն են, որ ամեն ինչ ասում են ազգի մասին։ Երևանում բոլոր փողոցների, դպրոցների անունները մշակույթի գործիչների անուններով են, նման բան Թուրքիայում չկա»,-ասաց Քեմալ Յալչընը՝ նշելով, որ թուրքական թղթադրամի վրա պատկերված են Աթաթուրքի պատկերը, իսկ հայկական դրամի վրա՝ Չարենցի, Թումանյանի։

Նշենք, որ 25-ից ավելի գրքերի հեղինակ թուրք գրող Քեմալ Յալչընը առաջին անգամ է Հայաստանում։

1990թ. հայկական հարցին նվիրված գրքերի հրատարակող Քեմալ Յալչընը ծնվել է 1952թ. Թուքրիայի Դենիզլի քաղաքում։ Թուրքիայում իր հակակառավարական քաղաքական գործունեության պատճառով ստիպված է եղել փախչել Գերմանիա, որտեղ 1981թ. ստացել է քաղաքական ապաստանի իրավունք, Թուրքիա կարողացել է այցելել միայն 13 տարի անց։ Նա ապրում է Գերմանիայում և Բոխ քաղաքում աշխատում որպես ուսուցիչ։