Նախքան Սահմանադրական հանրաքվեն իշխանափոխություն իրականացնելու, արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների միջոցով հանրաքվեն տապալելու՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության շտաբի մտադրությունը չի մտահոգում իշխանություններին, քանի որ այն իրատեսական չէ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ ավելացնելով, որ իր մոտ այնպիսի տպավորություն է, թե ընդդիմախոսները ծանոթ չեն Սահմանադրական փոփոխությունների նախագծին:

«Իրատեսական չեմ համարում, մտահոգիչ չէ: Եթե մտահոգիչ է, ուրեմն՝ այդ քաղաքական գործիչների համար, որոնք տապալում են իրենց քաղաքական ապագան: Րաֆֆի Հովհաննիսյանն ուներ իդեալական հնարավորություններ՝ նախագահական ընտրություններից ուղղակի ստանձնել կառուցողական, ինստիտուցիոնալ առումով կենսունակ ընդդիմության լիդերի դերակատարումը, նա հրաժարվեց այդ հնարավորությունից, նա փոշիացրեց ողջ քաղաքական կապիտալը, որն ուներ»,- նշեց Խոսրով Հարությունյանը:

Խոսրով Հարությունյանի խոսքով՝ ընդդիմության կարեւորագույն սխալն այն է, որ իրենց ամբողջ գործունեությունն ուղղում են մեկ անձի դեմ, որը ապագա չխոստացող պայքար է:

«Այս ամբողջ 25 տարվա ընթացքում մեր ընդդիմությունը ձախողվել է դրա պատճառով»,-ասաց պատգամավորը:

Նշենք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ձեւավորման մաս են կազմում «Ժառանգություն», «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունները, ԱԻՄ-ը՝ դիտորդի կարգավիճակով, ինչպես նաեւ՝ «Հիմնադիր խորհրդարանը» եւ «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունը: «Նոր Հայաստան»-ը սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարելով՝ նախքան դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեն պետք է հասնի Սերժ Սարգսյանի ու Կառավարության հրաժարականին, ձեւավորի ժամանակավոր կառավարություն, եւ անցկացնի արտահերթ նախագահական ընտրություններ:

Սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի կդրվեն 2015թ. դեկտեմբերի 6–ին։ Դրանցով նախատեսվում է անցում կառավարման խորհրդարանական համակարգի: