Երեւանի էրեբունի թաղամասի իր բնակարանում 2014թ. տարվա ամռանը կնոջը սպանելու մեջ կասկածվող 47-ամյա Էդիկ Ավագյանը 1 շաբաթ առաջ դատապարտյալների կենտորանական հիվանդանոցում քաղցկեղից մահացել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Էդիկ Ավագյանի փաստաբան Լյուդվիգ Ավետիսյանը՝ նշելով, որ գործի վարույթը մահվան պատճառաբանությամբ կարճվելու է, գործն այլևս չի կարող քննվել։
«Քաղցկեղ ուներ, պետք է բուժվեր, քիմիա ընդուներ։ Միջնորդություն էինք ներկայացրել, որպեսզի խափանման միջոցը փոխվի, սակայն դատարանը մերժեց։ Վիճակը սրացավ, ի վերջո մահավան հանգեցրեց»,-ասաց փաստաբանը։
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Էդիկ Ավագյանը ընդունում էր, որ իր կինը՝ Մելանյա Ա.-ն մահացել է իր հարվածներից, բայց չէր ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով` դիտավորությամբ կյանքից զրկելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ 6-12 տարի ժամկետով: Նա պնդում էր, որ դիտավորյալ սպանություն չի կատարել:
Հիշեցնենք, որ Էդիկ Ավագյանին 2014 թ. օգոստոսի 25-ին, ժամը 15։00-ի սահմանում, իր տանը, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանելով կնոջ հետ, վերջինիս դանակի 14 հարված էր հասցրել։ Դրանից հետո տղամարդը բնակարանի դուռը ներսից փակել և վնասել էր նաև ինքն իրեն։ Ավագյանի գործը դատարան էր ուղարկվել 2015 թվականի հունիսի 11֊ին, մի քանի դատական նիստեր արդեն կայացել էին։





























