Վայոց Ձորի Աղավնաձոր գյուղի բնակիչներն այս պահին հավաքվել են Երեւան-Մեղրի մայրուղու մոտ` բողոքելու խաղողի բերքի մթերման ցածր գնի դեմ:

NEWS.am-ի հետ զրույցում գյուղացիներից մեկը պատմեց, որ գործարաններում խոստացել էին հոկտեմբերի 12-ից մթերել խաղողի բերքը, բայց այնքան ցածր գին են առաջարկում, որը ձեռնտու չէ իրենց համար:

«Իրենք շատ ցածր գին են առաջարկում, որին մենք չենք համաձայնում, քանի որ մեր ծախսերը չի հանում, դրա համար պահանջում ենք, որ նորմալ մթերեն, մենք էլ կարողանանք մեր վարկերը փակել»,- ասաց նա:

Այս պահին գյուղացիները սպառնում են փակել մայրուղին, նրանց հետ բանակցում են գյուղապետարանի աշխատակիցները:

Նշենք, որ սա Վայոց Ձորի խաղողագործների առաջին բողոքի ակցիան է: Մինչեւ այս խաղողի բերքի մթերման խնդրի մասին բարձրաձայնելու համար բողոքի ակցիաներ են անցկացրել եւ ճանապարհներ են փակել Արմավիրի եւ Արարատի մարզերի խաղողագործները:

Նշենք, որ հոկտեմբերի 2-ին Վայոց Ձոր կատարած այցի ժամանակ գյուղնախարար Սերգո Կարապետյանը խոստացել էր, որ հոկտեմբերի 5-ից խաղողի մթերումը կսկսվի: Նա ասել էր, որ մթերումն իրականացնելու է Արմենաիա Վայն ընկերությունը, որից հոյտեմբերի 10-ին մեզ վստեհեցրել էին, որ մթերման գործընթացը նորմալ է ընթանում, խնդիրներ չկան եւ իրենք, ըստ գրաֆիկի մթերելու են բերքը: