Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւի կենտրոնում ավելի քան մեկ ամիս ցույց անցկացնող DA քաղաքացիական հարթակի ակտիվիստները հոկտեմբերի 14-ին լքել են համաժողովը, որի ընթացքում պետք է երկխոսություն կայանար իշխանությունների հետ:
Սեպտեմբերից երկրում աջ եւ ձախ-կենտրոնամետ ընդդիմության բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում: Ցույցի դուրս եկած երկու ուժերը՝ DA-ը եւ ձախ-կենտրոնամետները, նույն պահանջներն ունեն. արտահերթ խորհրդարանական ընտրություններ, նախագահի եւ կառավարության հրաժարական: Սակայն DA-ի ակտիվիստները կողմ են եվրոպական ինտեգրմանը, իսկ սոցիալիստներն ու «Մեր կուսակցության» կողմնակիցները՝ մոլդովական պետության ամրապնդման եւ Ռուսաստանի հետ սերտ համագործակցության:
«Հանուն եվրոպական ինտեգրման» իշխող դաշինքի առաջնորդները՝ երկրի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին եւ խորհրդարանի խոսնակ Անդրիան Կանդուն ցուցարարներին եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին հրավիրել էին «Սոցիալական համաժողովի» ձեւաչափով քննարկել երկրում տիրող իրավիճակը: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ավելի վաղ հանդիպումից հրաժարվել էր ձախ-կենտրոնամետ ընդդիմությունը: Ինչ վերաբերում է DA-ին. շարժման առաջնորդ Անդրեյ Նեստասեն համաժողովի մեկնարկին հայտարարել է, որ ցուցարարները լքում են նիստը, քանի որ իշխանությունները ոչ թե երկխոսության են ձգտում, այլ ձեւացնում են այն:




























