Թուրքիան Հայոց ցեղասպանությունը կճանաչի միայն այն ժամանակ, երբ այդ երկրում իսկական ժողովրդավարություն հաստատվի: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց հունգարացի պատմաբան Բալինտ Կովաչը:

Նրա խոսքով, բազմաթիվ շարքային թուրքեր արդեն այսօր ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, սակայն քաղաքական գործիչները չեն ցանկանում այն ճանաչել:

«Եթե մի օր Թուրքիան 100 տոկոսով ժողովրդավար երկիր դառնա, այդ ժամանակ էլ կճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- նշեց պատմաբանը՝ հավելելով, որ քանի դեռ Էրդողանը ժողովրդավարություն չի ցանկանում, ոչինչ չի փոխվի եւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն այդպես էլ օդում կախված կմնա:

Բալինտ Կովաչն առաջին անգամ Հայաստանի եւ Հայոց ցեղասպանության մասին լսել է 2002 թվականին: Այդ ժամանակից նա հասցրել է հայագիտության թեմայով դոկտորական դիսերտացիա պաշտպանել եւ նույնիսկ հայերեն սովորել: Այս ընթացքում նա նաեւ բազմիցս եղել է Հայաստանում, իսկ հիմա Երեւանում է՝ «Հայոց ցեղասպանություն 100. ճանաչումից հատուցում» գիտաժողովին մասնակցելու համար:

Հոկտեմբերի 16-ին Կովաչը զեկույց է կարդալու «Հունգարիայի հայերը՝ երկու աշխարհամարտերի միջեւ. կապերն ու կառուցվածքը» թեմայով: