Հայաստանի ընդհանուր տնտեսական պատկերի եւ սպասվող տնտեսական ցուցանիշների մասին Կառավարության հրապարակած կանխատեսումները միանգամայն իրատեսական են: Հոկտեմբերի 15-ին «Ներդրումային քաղաքականության ինստիտուցիոնալ համակարգի ուժեղացումը եւ ներդրումների խթանումը Հայաստանում» անվանումով ԵՄ Twinning ծրագրի պաշտոնական մեկնարկից հետո լրագրողներին այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի առաջին փոխնախարար Գարեգին Մելքոնյանը:
Պատասխանելով NEWS.am-ի հարցին այն մասին, որ Կառավարությունը 4% տնտեսական աճ է կանխատեսում, մինչդեռ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կանխատեսումը միայն 1-3% է, Գարեգին Մելքոնյանն ընդգծեց. «Կառավարության հրապարակած ցուցանիշներն ու կանխատեսումները հիմնված են հստակ հաշվարկների, վերլուծությունների վրա, որոնք մենք կանոնավոր կերպով իրականացնում ենք: Մինչեւ տարեվերջ քիչ ժամանակ է մնացել: Կարծում եմ՝ կհամոզվեք, որ մեր կանխատեսումները շատ իրատեսական են եւ իրականացվել են կառավարության հայտարարած շրջանակում»:
Էկոնոմիկայի փոխնախարարը պարզաբանեց, որ վիճակագրական տվյալներում փոփոխություններ են եղել ինչպես արտաքին առեւտրի, այնպես էլ ներդրումների մասով, հատկապես տարեսկզբին վերաբերող տվյալներում:
«Ե՛վ վարչապետը, ե՛ւ էկոնոմիկայի նախարարը նշեցին վիճակագրական տվյալների վերջին թվերը, եւ բոլորդ տեսնում եք, որ տարեսկզբի վիճակագրական տվյալների համեմատության զգալի բարելավում է արձանագրվել: Ակնհայտ է, որ գործընկեր պետություններում արժութային տատանումներն ու տարածաշրջանի տնտեսական վիճակն ընդհանրապես պետք է ազդեին նաեւ Հայաստանի տնտեսության վրա: Քանի որ որոշ երկրներ մեր արտահանման հիմնական շուկաներն են հանդիսանում, որոշների հետ մենք կապված ենք ներդրումային տեսանկյունից, որոշների հետ էլ զգալի կապ կա դրամական փոխանցումների առումով, այսինքն՝ այս բոլոր արտաքին գործոնները, բնականաբար, ազդում են վիճակագրական տվյալների վրա»,- նշեց Գարեգին Մելքոնյանը՝ հավելելով, որ տարեսկզբի համեմատ, ներկայում տնտեսական վիճակն արդեն բարելավվել է:





























