Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիների շրջանում գերակշռում է եվրասիական տնտեսական ինտեգրման հանդեպ դրական վերաբերմունքը: Միաժամանակ, Հայաստանի եւ Բելառուսի բնակչության հետաքրքրությունն այդ առումով վերջին տարվա ընթացքում նվազել է: Այսպիսին են Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի ամենամյա հետազոտության արդյունքները:
Հետազոտության համաձայն, ԵՏՄ-ին անդամակցությանը սատարողների մակարդակը Ռուսաստանի եւ Ղազախստանի բնակիչների շրջանում կազմում է, համապատասխանաբար, 78% եւ 80%: Մինչդեռ Հայաստանի եւ Բելառուսի քաղաքացիներն ավելի ցածր են գնահատում ԵՏՄ-ին անդամակցությունը (56% եւ 60% համապատասխանաբար, ինչը 8%-ով ցածր է 2014 թվականի ցուցանիշներից): Հայաստանում նաեւ ավելանում է նրանց թիվը, ովքեր անտարբեր են կամ բացասաբար են վերաբերվում ԵՏՄ-ին անդամակցությանը:
2015 թվականի հարցման ընթացքում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի բնակչությանը հարցրել են ԵՏՄ որոշ ընդհանուր ինստիտուտների ստեղծման շուրջ վերաբերմունքի մասին. միասնական արժույթ, ընդհանուր օրենսդրություն, ընդհանուր բանակ եւ կառավարման միասնական օրգան:
«Վերլուծությունը ցույց է տալիս, որ ԵՏՄ անդամ բոլոր 4 պետություններում այս հարցերի շուրջ միասնական դիրքորոշում չկա: Որպես բացառություն կարելի է նշել Հայաստանը, որտեղ քաղաքացիների 55%-ը դեմ է միասնական արժույթին: Ընդհանուր բանակի մասով բացառություն են նաեւ Բելառուսն ու Ռուսաստանը, որտեղ քաղաքացիների մեծ մասը՝ 57% եւ 53% համապատասխանաբար, դեմ են դրան»,- կենտրոնում ասել են ԲԵԼՏԱ-ին:




























