Հայաստանում հասարակական կազմակերպությունները կկարողանան ձեռներեցային գործունեությամբ զբաղվել: Այս մասին ասված է «Հասարակական կազմակերպությունների մասին օրենքում» փոփոխությունների նախագծում ու հարակից օրինագծերի փաթեթում, որը հաստատվել է Կառավարության հոկտեմբերի 29-ի նիստում:

Ինչպես նշված է օրենքի նախագծում, ձեռներեցությունից ստացված շահույթը կազմակերպության կանոնադրական նպատակներից բացի որեւէ այլ նպատակի համար չպետք է օգտագործվի: Եկամուտը չպետք է բաշխվի նաեւ կազմակերպության անդամների միջեւ: Հասարակական կազմակերպությունների համար եկամուտի այլ աղբյուրներ կարող են դառնալ դրանց անդամների ներդրումներն ու անդամավճարները, կազմակերպության մասնակիցների կողմնակի ձեռներեցային գործունեությունից ստացված միջոցները, նվիրատվությունները եւ բյուջետային միջոցները:

Ինչպես նշեց Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, օրինագիծը ենթադրում է նաեւ ուժեղացնել վերահսկողությունը հասարակական կազմակերպությունների բյուջետային աջակցության նկատմամբ եւ նրանց ավելի հաշվետու դարձնել: