Հայաստանում ՀՆԱ-ի նկատմամբ բանկային ավանդների հարաբերակցությունը վերջին 5 տարում էապես մեծացել է եւ վերջին 2 տարում մնում է 35 տոկոսի մակարդակի վրա։ Այս մասին հոկտեմբերի 30-ին լրագրողներին ասել է Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը։
Համեմատության համար նշենք, որ 2010թ. ավանդներ/ՀՆԱ հարաբերակցությունը կազմում էր 19 տոկոս, այդ թվում՝ ֆիզիկական անձանց ավանդներ/ՀՆԱ հարաբերակցությունը 12 տոկոս էր։ 2014թ. այդ ցուցանիշերը կազմում էին համապատասխանաբար 35 տոկոս եւ 22 տոկոս։
«Մեր նպատակն է ցույց տալ, որ գումարը բանկում պահելը պակաս անվտանգ չէ, քան տանը, իսկ դրանից զատ, նաեւ շահավետ է։ Բնականաբար կարեւոր է սպառողների մոտ դաստիարակել խնայողությունների մշակույթը եւ սեփական բյուջեի պլանավորումը»,- հավելել է Սարգսյանը։
Նշենք, որ ԿԲ վիճակագրության համաձայն՝ 2015թ. օգոստոսին Հայաստանի բանկային համակարգում դեպոզիտների պորտֆելը կազմել է մոտավորապես 1 տրլն 441 մլրդ դրամ։ Դրամով եւ արտարժույթով ավանդները կազմել են համապատասխանաբար 35.2 եւ 64.8 տոկոս։




























