Հայաստանի Տավուշի մարզի` Ադրբեջանի հետ սահմանամերձ Կայանավան գյուղի բնակչուհի Գենյա Մնացականյանը  NEWS.am-ի ընթերցողներին հայտնի է նախորդ հրապարակումներից: Այս քաջ տարեց կնոջ տունը ամենամոտն է այն վայրին, որտեղ կողմերի պայմանավորվածությունների համաձայն, գերիների փոխանակում է տեղի ունենում:  Ճակատագրի հեգնանքով նախկինում այստեղով անցնում էր Երեւանից Բաքու մեկնող գնացքը: Ասֆալտն ու ավտոբուսի կայանը այժմ էլ պահպանվել են:  Իսկ հեռվում` չեզոք տարածքում Այսրկովկասի երեք ժողովուրդների բարեկամությանը նվիրված հուշարձանն է: 

Գենյա տատիկը սահմանի յուրօրինակ խորհրդանիշ է դարձել, իմաստուն, տարեց ու բարի կնոջ:  Սահմանամերձ  շրջանների այլ բնակիչների նման, Գենյա տատիկն էլ տուժել է հակամարտությունից, բայց, չնայած կյանքի դժվարություններին, չի կորցնում լավատեսությունն ու շրջապատին բարյացակամ վերաբերմունքը:  

Գենյա տատիկի տան պատուհանները սահմանին են նայում:  «Երբ սկսում են կրակել, լույսն անջատում ենք», - պատմում է տատիկը:

Գենյա տատիկին պատկանող հողատարածքը մնացել է սահմանին, դա մշակելու հնարավորություն չկա: Պահպանվել է խաղողի այգին, որը եւս սահմանին է:  Այս տարի ադրբեջանական կողմից չընդհատվող գնդակածությունների  պատճառով սահմանամերձ գյուղերի բնակիչների մեծ մասը չի կարողացել խաղողի բերքը հավաքել: Գենյա տատիկն էլ է նրանց թվում: 

«Էսպիսի բան դեռ չէր եղել: Անցյալ տարիներին կրակում էին, բայց բերքը հավաքելուց հետո:  Ասես դիտավորյալ` այս տարի բերքը լավն էր, պատրաստվում էինք հավաքել, բայց բախտներս չբերեց: Բերքի միայն մի փոքր մասը հնարավոր եղավ հավաքել», - պատմում է տատիկը` սեղանին դնելով վառ կարմիր ողկույզներով վազան: 

«Միայն խաղաղություն լինի, ուրիշ ոչինչ չեմ ուզում: Համաձայն եմ աղքատ ապրել, առանց խաղաղության հարստությունն ո՞ւմ է պետք», - ասում է Գենյա տատիկը` հավելելով, որ վերջերս սկսել են կրակել  ավելի մեծ տրամաչափի ինչ-որ բանից, քան ինքնաձիգն է. «Այն կողմում (Ասրբեջանում. խմբ.) վարձկաններ են: Մարդիկ տեսել էին, որ տեղի բնակիչները կացիններով ու եղաններով դուրս են գալիս զինվորների դեմ, երբ նրանք կրակում են: Ո՞ր գյուղացին կուզի, որ պատերազմ լինի»: 

Գենյա տատիկը տիրապետում է ադրբեջաներենին, նախկինում գյուղում ադրբեջանցիներ էին ապրում.  «Այն ժամանակ ո՞վ էր նայում, թե ով ինչ ազգության է: Ո՞վ էր ում հարցնում, թե ինչ ազգության է»: Երբեմն հեռուստացույցով ադրբեջանական հաղորդումներ է դիտում, սահմանին նրանք տեղականներից վատ չեն հեռարձակում:  «Ամբողջ օրը հաչում են: Հակահայկական քարոզչություն են իրականացնում», -մեկնաբանում է տատիկը:  

«Ամեն տեղ էլ տարբեր մարդիկ կան: Այնտեղ էլ եւ լավերը կան, եւ վատերը: Հասարակ մարդիկ մեղավոր չեն: Չի կարելի ամբողջ ազգության մասին խոսել», - փիլիսոփայորեն պատասխանում է տատիկը: 

«Երբ հայերին քշում էին Ադրբեջանից, իմ զարմիկներին ադրբեջանցի է փրկել: Նրանք Գրոզնիից էին գալիս եւ չգիտեին, թե ինչ է կատարվում: Եկել էին Ղազախ ու այնտեղ հասկացել էին, որ մեծ վտանգի մեջ են:  Անծանոթ ադրբեջանցին նրանց օգնել էր փրկվել: Հասցրել էր մինչեւ սահման, ինչքան որ բենզինը հերիքել էր: Մնացած մասը ոտքով էին անցել: Նա փողից հրաժարվել էր: Բախտները բերել էր, լավ մարդու էին հանդիպել: Բայց եթե վատն է լինում  (ադրբեջանցին), ապա կրկնակի»:

Գենյա տատիկի խոսքով, վերջերս «հարեւանները» սկսել են նոր պրակտիկա կիրառել. հայկական գյուղերի բնակիչներին բարձրախոսով կոչ են անում հեռանալ գյուղից` սպառնալով ոչնչացնել: 

«Փորձում են հոգեբանական աջակցություն բանեցնել: Բայց դա չի ազդում եւ չի կարող ազդել: Ո՞վ է հաշվի առնում դա, թող հաչեն իրենց համար:  Ես 40 տարի ապրել եմ այստեղ եւ ոչ մի տեղ հեռանալ չեմ պատրաստվում», - ասում է Գենյա տատիկը: