Մոտ 2 հազար անչափահասի մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ամերիկյան Սեյնթ-Մեթյուսում` Քենտուկիի նահանգի Լուիսվիլլ քաղաքի արվարձանում: Այդ մասին կիրակի` դեկտեմբերի 27-ին տեղեկացրել է NBC News հեռուստաալիքը:

13-ից 20 տարեկան երիտասարդների մասնակցությամբ անկարգությունները սկսվել են շաբաթ` դեկտեմբերի 26-ի երեկոյան առեւտրի կենտրոնում եւ փողոցում: Կարգ ու կանոն հաստատելու համար տեղի իշխանությունները մոտ 60 ոստիկանի են գործի դրել:

Միջադեպի հետեւանքով տուժածներ չկան, ծեծկռտուքի մասնակիցներից ոչ մեկին չեն ձերբակալել, ասել է քաղաքային ոստիկանական վարչության պաշտոնական ներկայացուցիչ Դենիս Մակդոնալդը: Նա նման արդյունքը բացատրել է օրենքի պահապանների պատշաճ գործողություններով, որոնց հրահանգել էին «զուսպ գործել»:

Ավելի վաղ տեղեկատվություն էր հայտնվել, որ առեւտրի կենտրոնում կրակոցներ են լսվել, բայց դա չի հաստատվել: Անկարգությունների պատճառը պարզվում է: Միաժամանակ ոստիկանությունը կասկածում է, թե զանգվածային ծեծկռտուքը պլանավորված գործողություն էր:

«Դա ապստամբության էր նման: Իսկական խելագարություն էր: Ես 33 տարի ծառայում եմ ոստիկանությունում եւ երբեք նման բան չեմ տեսել», — նշել է Մակդոնալդը: Նա հավելել է, որ Սեյնթ-Մեթյուսեն հանգիստ քաղաք է մոտ 18 հազար բնակչությամբ:

Կարգ ու կանոն հաստատելուց հետո հանրախանութը փակվել է: Այն իր աշխատանքները վերսկսել է դեկտեմբերի 27-ի առավոտյան: