Դեկտեմբերի 30-ի վաղ առավոտյան ոստիկանության ստորաբաժանումների վերակարգերն ավանդույթի համաձայն շարվել էին ստուգատեսի:

Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոնական օրերին մայրաքաղաքում պարեկային ծառայություն իրականացնող վերակարգերի ստուգատեսն ընդունել է ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:

Ստուգատեսին մասնակցում էին ոստիկանության բարձրաստիճան սպաներ:

Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է Երեւանի կայազորի, Ճանապարհային ոստիկանության, Պետական պահպանության գլխավոր վարչության, Հասարակական կարգի ապահովման վարչության եւ այլ ստորաբաժանումների պարեկային խմբերի տոնական ծառայության առանձնահատկություններին:

Վերակարգերը գործելու են շուրջօրյա՝ ապահովելով հասարակական կարգն ու քաղաքացիների անվտանգությունը մայրաքաղաքի բոլոր շրջաններում, հասարակական եւ ժամանցի վայրերում, փողոցներում ու հրապարակներում:

Ծառայության ընթացքում ներողամտություն չի դրսեւորվի հատկապես հարբած վարորդների նկատմամբ. կարգազանցները կենթարկվեն պատասխանատվության, ոստիկանական վերակարգը ուղեւորներին կուղեկցի տուն, իսկ մեքենաները կտարվեն ՃՈ հատուկ պահպանվող տարածք:

Տոնական ծառայության նպատակը երեւանցիների ու քաղաքի հյուրերի անվտանգության ապահովումն է:

Ոստիկանությունն ակնկալում է նաեւ համաքաղաքացիների օգնությունն ու օժանդակությունը: