Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում հաջող կերուխումի չփակած հաշիվը դանակահարության պատճառ է դարձել, որի հետեւանքով մեջքի եւ պարանոցի կտրած ծակած վերքերով 2 երիտասարդ դեկտեմբերի 16-ին տեղափոխվել են Աշտարակ բժշկական կենտրոն։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, տուժողները Արագածոտնի մարզի Արագածոտն գյուղի բնակիչներ են, 2 եղբայր, որոնք մարմնական վնասվածքներ են ստացել միասին նույն  հանգամանքներում եւ նույն անձի կողմից։ Ավել ուշ ոստիկանները հայտնաբերել էին եւս մեկ տուժած անձի, որը նույնպես Արագածոտն գյուղից է եւ կապ է ունեցել դրանից մեկ ժամ առաջ հիվանդանոցում հայտնված եղբայրների հետ։ Նրանց ընկերն էր եւ դանակահարվել էր նրանց հետ նույն անձի կողմից։

Բացահայտմանն գործողությունների ընթացքում պարզվել է, որ Արծվի թեւ հուշահամալիրի մոտակա գազալցակայանում  տուժողները վիճել էին Ուջան գյուղի բնակիչ նախկինում մի քանի անգամ դատապարտված  1988թ. ծնված Սամվել. Ս.-ի հետ, որն էլ դանակահարել էր նրանց։ Պարզվել է, որ օրեր առաջ Ուջան գյուղ սննդի օբյեկտներից մեկում  երիտասարդները կերուխում էին ունեցել Սամվել Ս.-ի հետ, որը մի քանի օր առաջ էր դուրս եկել կալանավայրից։ Հաջող կերուխումից հետո, չվճարելով հաշիվը, բոլորը հեռացել էին։ Հետո հարց էր ծագել, թե այդ օրն ով ում էր հյուրասիրել, եւ ով պետք է փակեր հաշիվը։  Խոսակցությունը վերածվել էր վեճի եւ լրացուցիչ հանդիպման։ Գազալցակայանում հանդիպել էին տուժողներն ու Սամվել Ս.-ն՝ եղբոր Լեռնիկ Ս.-ի հետ։ Վեճը վերածվել էր ծեծկռտուքի եւ ավարտվել դանակահարությամբ։

Լեռնիկ Ս.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանության բաժին։ Շարունակվում են գործողությունները Սամվել Ս.-ին եւ հանցագործության գործիք դանակը գտնելու ուղղությամբ։