Եվրամիության երկրների ԱԳ նախարարները միաձայն համաձայնության են եկել Ռուսաստանի հանդեպ միության գործիչների հինգ սկզբունքների շուրջ: Այս մասին ԵՄ ԱԳ նախարարների հերթական հանդիպումից հետո հայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ քաղաքական անվտանգության հարցերի գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:

Խոսքը փոխադարձ պատժամիջոցներից դուրս երկկողմ համագործակցության պայմանների մասին է: «Ինձ համար պատժամիջոցների երկարաձգման հարցը ոչ թե տեխնիկական, այլ քաղաքական է: Դա որոշում են ԵՄ անդամ երկրները: Բացի այդ, օրերս մենք պատժամիջոցների գործողությունը կես տարով երկարաձգելու մասին փաստաթուղթ ենք հրապարակել»,- ասել է Մոգերինին:

Ըստ ՌԲԿ-ի, առաջին սկզբունքը «Մինսկ 2» համաձայնագրի պայմանների լիարժեք իրականացումն է՝ Մոսկվայի եւ Բրյուսելի միջեւ հարաբերությունների զգալի փոփոխության համար: Երկրորդ՝ ԵՄ-ն երբեք չի հրաժարվելու «Արեւելյան գործընկերության» եւ Կենտրոնական Ասիայի երկրների հետ հարաբերությունների ամրապնդումից:

Երրորդ սկզբունքը «Եվրամիության ներքին կայունության» ամրապնդումն է, մասնավորապես, էներգետիկ անվտանգության եւ ռազմավարական հաղորդակցության հարցերում:

Չորրորդ սկզբունքը՝ հակառակը, նախատեսում է Մոսկվայի հետ համագործակցության վերականգնում «որոշակի ուղղություններով»: Արտաքին քաղաքականության մեջ այդպիսի ուղղություն կարող է լինել սիրիական խնդիրը, Իրանի հետ հարաբերությունների վերականգնումը, Հյուսիսային Կորեայի խնդիրը:

Եվ, վերջապես, հինգերորդ սկզբունք. Ռուսաստանի քաղաքացիական հասարաության զարգացմանն աջակցության ձգտում եւ «մարդկանց միջեւ կապերում ներդրում»:

Բացի այդ, գագաթաժողովի ընթացքում նախարարներն անդրադարձել են Լիբիայի քաղաքացիական պատերազմի խնդրին՝ կոչ անելով երկրում անհապաղ ազգային միասնություն ձեւավորել: