Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտահոգված է արաբական երկրներից ժամանած փախստականների շրջանում հակասեմական տրամադրությունների առկայությամբ։ Նրա խոսքով՝ Գերմանիան պայքարելու է քսենոֆոբիայի ցանկացած դրսեւորման դեմ։
Մերկելը նշել է, որ ինքն ըմբռնումով է մոտենում արաբական երկրներից ժամանած փախստականների շրջանում հակասեմական տրամադրությունների կապակցությամբ առկա մտահոգություններին։ Բեռլինում հակասեմականության խնդիրներին նվիրված գիտաժողովի ժամանակ ելույթ ունենալիս Գերմանիայի ղեկավարը նշել է, որ կան բոլոր հիմքերը զբաղվել Գերմանիա ժամանած միգրանտների խնդրով, որոնք մեծացել են հակասեմականության եւ հակահրեական արտահայտությունների վրա։
«Յուրաքանչյուրն, ով ապրում է Գերմանիայում՝ լինի նա հնաբնակ, թե նորեկ, պետք է պարզ հասկանա. այստեղ հակասեմականությունը եւ այլ մարդկանց մասին նախապաշարմունքները տեղ չունեն»,- ասել է Մերկելը եւ նշել, որ Գերմանիան պայքարելու է քսենոֆոբիայի ցանկացած դրսեւորման դեմ։





























