Զարգացման եւ էկոլոգիական ոչ կառավարական կազմակերպությունների եվրոպական «Counter Balance» կոալիցիան Ադրբեջանից Եվրոպա գազի տեղափոխման եվրոպական մեգանախագծի մասին ստեղծել է նոր վեբ-փաստագրական ֆիլմ՝ «Զբոսանք խողովակաշարով», հաղորդում է «ԷկոԼուրը»: Կազմակերպությունը կոչ է անում տարածել այս ֆիլմը որպես ահազանգ պատրաստվող նախագծի մասին:
Կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ ասված է. «Պատկերացրեք հազարավոր գյուղերի, անտառների գյուղատնտեսական հանդակների և Ադրիատիկ ծովի հատակի ամբողջովին ոչնչացում: Սա մղձավանջ չէ, սա Եվրամիության նախագիծն է` ստեղծել Հարավային գազային միջանցքը` Ադրբեջանից Իտալիա ձգվող 3500 կիլոմետր խողովակաշարով: Այն սրում է կլիմայի փոփոխությունը, կաջակցի բռնատիրական ռեժիմը, եւ 45 միլիարդ դոլարի ծախսը մի քանի տարի հետո կարող է դառնալ անօգուտ:
Նախագծի հովանավորողներն ասում են, որ նախագիծը կապահովի Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը: Գազային լոբբին խոստումներ է տալիս Բրյուսելում, Հռոմում, Բաքվում եւ այլ վայրերում, ինչը կարելի է տեսնել «Զբոսանք խողովակաշարով» ֆիլմում: Եթե նախագիծն իրականացվի, ապա Իտալիայում եւ Ադրբեջանում մարդկանց եւ շրջակա միջավայրի համար կանխատեսվում են ավերիչ հետեւանքներ:
Հարավային գազային միջանցքը քաղաքական նախագիծ է, որին ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Եվրամիությունը: Բայց կա առնվազն 3500 պատճառ, թե ինչու է նախագիծը մեծ սխալ»:
Ֆիլմում ներկայացված է, թե ինչպես է ԵՄ-ն թաղում գլուխն ավազի մեջ, երբ գործը հասնում է կլիմայի եւ մարդու իրավունքների վերաբերյալ իր պարտավորություններին: Ֆիլմը լույս է սփռում Հեյդար Ալիեւի (Ադրբեջանի նախագահ) եւ բրիտանական նավթային ընկերության (British Petroleum) միջեւ կասկածելի կապին եւ ներկայացնում է խոշոր էներգետիկ կորպորացիաների շահերը, որոնք ԵՄ-ում լոբբի են անում գազի օգտին՝ չնայած վառելիքի այդ տեսակի նկատմամբ պահանջարկի նվազման փաստին:
Նաեւ ընդգծվում է, որ կան գազային վառելիքին այլընտրանքներ: Լոնդոնի քաղաքամերձ շրջանի աղքատ բնակիչները ստեղծել են էներգիայի վերականգնվող աղբյուրների իրենց սեփական նախագիծը, որպեսզի վերահսկեն էներգիայի հարցում իրենց սեփական կարիքները: Նման փայլուն օրինակները ցույց են տալիս, որ դեռ շատ ուշ չէ ընտրել այլ ճանապարհ Եվրոպայի համար:
«Counter Balance»-ը աշխատանքի մեծ փորձ ունի միջազգագային զարգացման ֆինանական ինստիտուտների ոլորտում, ինչպես նաեւ ընկերությունների հետ՝ կանխելու խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի արդյունքում բացասական հետեւանքները:
Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ:





























