Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահական թեկնածու Դոնալդ Թրամփը միգրանտներին թունավոր օձի հետ է համեմատել: Օհայոյի նահանգի Յանգստաունայի օդանավակայանում ընտրողների առաջ ելույթի ընթացքում միլիարդատերը եւս մեկ անգամ ընդգծել է միգրանտների հանդեպ իր բացասական վերաբերմունքը, գրում է The Independent-ը:
Թրամփը հիշեցրել է Ալ Ուիլսենի երգը, որի սյուժեի համաձայն, մի բարի կին կիսամեռ օձի է վերցնում եւ սկսում է հոգ տանել նրան: Արդյունքում օձն առողջանում է եւ իր փրկարարին խայթում է իր թունավոր ժանիքներով: Այն հարցին, թե ինչու այդպես վարվեց, օձը պատասխանում է. «Հիմար կին, չգիտեիր, որ թունավոր եմ, երբ վերցրեցիր ինձ»: Քաղաքական գործչի կարծիքով այդ համեմատությունը լավագույնս պատկերում է միգրանտների հետ կապված իրավիճակը:
Քաղաքական գործիչը նաեւ հայտնել է, թե անհրաժեշտ է համարում երկու պատ կառուցել. դրանցից մեկը միգրանտներին կպահի ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի սահմանին, երկրորդը կտեղադրվի Սիրիայի տարածքում, որպեսզի ահաբեկիչներին թույլ չտա դուրս գալ երկրի սահմաններից:





























