Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Իգնասիու Լուլա դա Սիլվան համաձայնել է երկրի ներկայիս կառավարությունում նախարարական պաշտոն զբաղեցնել:
Առայժմ չի հաղորդվում, թե ճշգրիտ ինչ պաշտոն են առաջարկել դա Սիլվային: Որոշ տվյալների համաձայն, խոսքն արդարադատության նախարարի պաշտոնի մասին է, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բրազիլիայում նախարարական պաշտոնը քրեական հետապնդման դեմ անձեռնմխելիություն է ապահովում: Անցած շաբաթ դատախազությունը դատարանին էր դիմել նախկին նախագահի ձերբակալության թույլտվություն խնդրելով` նրան կասկածելով փող լվանալու գործում:
Ինքը` դա Սիլվան ժխտում է մեղքը եւ իր քրեական հետապնդումը քաղաքական դրդապատճառներ ունեցող է կոչում: Բրազիլական ԶԼՄ-ները չեն բացառում, որ նախագահ Դիլմա Ռուսեֆը նրան նախարարական պաշտոն է առաջարկել դատախազության հավակնություններից պաշտպանելու համար:
Դա Սիլվան Բրազիլիան ղեկավարել է 2003-ից մինչեւ 2011-ը: Իր լիազորությունների ժամկետի ավարտից հետո նա անձամբ ընտրեց իր հաջորդին` Ռուսսեֆին, որն արդյունքում երկու անգամ հաղթեց ընտրություններում: Դա Սիլվան չի բացառել, որ 2018-ին դարձյալ կառաջադրվի նախագահական ընտրություններին:





























