Սիրիայից ռուսական հիմնական զորքերի դուրսբերման մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանը բացարձակ անսպասելի քայլ էր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ռուսաստանցի քաղաքագետ Կարինե Գեւորգյանը:
Պատասխանելով հարցին, թե ինչի՞ հետ էր կապված այս որոշումը, քաղաքագետը նշեց, որ պաշտոնական հաղորդագրություններում ներկայացվող հիմնավորումներին չհավատալու պատճառ չկա: «Իրականությունն այն է, որ առաջադրված խնդիրն իսկապես իրականացվել է»,- փաստեց քաղաքագետը:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի նախագահի որոշման անսպասելիությանը, ապա իսկապես այդպիսի բան ոչ ոք չէր ակնկալում: «Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ շփոթության մեջ է Սպիտակ տունը եւ ՆԱՏՕ-ի վարչակազմը: Պուտինը քայլ արեց՝ պարտադրելով քաղաքական խաղում իր տեմպն ու ձեւաչափը: Նույն կերպ քայլ արվեց, երբ այնտեղ ռուսական զորքեր հայտնվեցին»,- նշեց քաղաքագետը:
Միաժամանակ, նա նշեց, որ դուրս են բերվում հիմնական զորքերը, սակայն բազաները մնում են: «Իրադրության արտակարգ զարգացման դեպքում հարկավոր է 4-5 ժամ, եւ ինքնաթիռները կվերադառնան: Բոլոր ենթակառուցվածքները մնում են»,- նշեց Կարինե Գեւորգյանը:
Սիրիայից զորքերի դուրսբերման եւ Իրանում բանակցությունների ձախողման միջեւ հնարավոր կապի առնչությամբ քաղաքագետը նկատեց, որ գեղեցիկ վարկած է, բայց հեռու է իրականությունից: «Իրանն այլ պաշտպանություն չունի, համենայն դեպս՝ այսօր, բացի Ռուսաստանի հետ համագործակցությունից: Թեհրանը շահագրգռված չէ Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացմամբ»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ նավթի հարցը տարածաշրջանում երկրորդ պլան է մղվում՝ տեղը զիջելով ջրի խնդրին: «Իրանի համար կարեւոր է Միջերկրական ծով դուրս գալը: Ռուսաստանը, չնայած մրցակից է, չի խոչընդոտի»,- նշեց Գեւորգյանը:




























