Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը հայտարարություն է տարածել՝ խիստ անհանգստություն հայտնելով, որ Հունաստան այցելած Հայաստանի նախագահի հետ հանդիպումներում Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասն ու նախագահ Պրոկոպիս Պավլուպուլոսը քննադատել են Թուրքիային՝ Հայոց ցեղասպանությունը հերքելու համար։

Հայոց ցեղասպանությունը հերթական անգամ անհիմն ժխտող հայտարարության մեջ Թանժու Բիլգիչը կրկին իրականության հետ կապ չունեցող արտահայտություններով փորձել է պնդել, թե 20-րդ դարի սկզբին ընդամենը «որոշ ողբերգություններ» են տեղի ունեցել, ավելին, նա այդ «ողբերգությունների» համար մեղադրել է թուրքերին «դավաճանած» ազգային փոքրամասնություններին։

Թանժու Բիլգիչն ակնհայտ անհանգստություն է հայտնել Հայաստան-Հունաստան բարեկամական հարաբերությունների համար՝ պնդելով, թե ընդունելի չէ հայերի ու հույների համերաշխությունը՝ թուրքերի ինքնությունը «վիրավորելու» հաշվին։