Թվում է` Թուրքիան հավատում է, թե որքան ավելի պատմությունը չհամաձայնի իր պնդումներին, այնքան ավելի վատ կլինի հենց պատմության համար: Այդ մասին հայտնել է Հունաստանի Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Կոնստանտինոս Կուտրասը` Թուրքիայի կողմից Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցի եւ Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի եւ վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ հանդիպումների արդյունքում Հայերի եւ Հույների ցեղասպանության վերաբերյալ արված համապատասխան հայտարարությունների քննադատությանն ի պատասխան:
Ինչպես հայտնում է հունական TO BHMA գործակալությունը, Կոնստանտինոս Կուտրասը լրագրողներին հայտնել է. «Ժամանակը չափազանց կրիտիկական է անիմաստ եւ երեսպաշտ հռետորաբանության համար»: Ավելին, Կոնստանտինոս Կուտրասն ընդգծել է, որ Թուրքիան պիտի հրաժարվի սեւեռուն գաղափարներից եւ համակերպվի սեփական անցյալի հետ: «Հունաստանը նրա կողքին կլինի այդ դժվար գործում», - հավելել է Հունաստանի ԱԳՆ-ի մամուլի քարտուղարը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Տանժու Բիլգիչը հայտարարություն է տարածել, որում անհանգստություն է հայտնել այն բանի համար, որ Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը եւ վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Հայաստանի ղեկավար Սերժ Սարգսյանի հետ իրենց հանդիպումների ընթացքում Թուրքիային քննադատել էին Հայոց ցեղասպանության ժխտման համար: Տանժու Բիլգիչը ակնհայտ անհանգստություն էր հայտնել Հայաստանի եւ Հունաստանի միջեւ բարեկամական հարաբերությունների առումով:





























