Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր՝ մարտի 18-ին կառավարությունում հանդիպել է հայրենական ապրանք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Նա նշել է, որ կառավարությունն անելու է ամեն ինչ՝ տեղական արտադրությունը խթանելու եւ դրան նոր թափ հաղորդելու ուղղությամբ:

Ըստ կառավարության ղեկավարի, պետությունը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել ընկերություններին՝ նպաստելով արտադրական ծավալների աճին ու նոր աշխատատեղերի ստեղծմանը:  

Հանդիպմանը քննարկվել են արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, շինարարության եւ այլ ոլորտներում գործող ձեռնարկությունների գործունեությանը, զարգացման ծրագրերին, հնարավորություններին եւ առկա խնդիրներին առնչվող հարցեր:

Հովիկ Աբրահամյանը ողջունել է ընկերությունների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը եւ տեղական արտադրության հետեւողական զարգացումը: Նա նշել է, որ ներկայացված բոլոր առաջարկությունները կքննարկվեն կառավարությունում եւ դրանց հիման վրա կմշակվեն տնտեսվարողներին աջակցության նոր քայլեր եւ ուղիներ:

Հրազդանի ցեմենտի գործարանի գործադիր տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը եւ «Ավտոմատիկա» ընկերության գործադիր տնօրեն Ռաֆայել Գրիգորյանը կարեւորել են կառավարության առարկայական օժանդակությունը, ինչի շնորհիվ Հրազդանի ցեմենտի գործարանը կարողացել է ներգրավել անհրաժեշտ շրջանառու միջոցներ, վերսկսել արտադրությունը եւ ստեղծել 400 նոր աշխատատեղ, իսկ «Ավտոմատիկա» ՓԲԸ-ն առաջիկայում նոր ներդրումների իրականացմամբ աշխատատեղերի թիվը ներկայիս 50-ի փոխարեն կհասցնի 120-ի: