Լեհաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը հանդիպել է Լեհաստանի Սեյմի Ազգային եւ էթնիկ փոքրամասնությունների մշտական հանձնաժողովի նախագահ Դանուտա Պիետրաշեւսկայի հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ Արտաքին գործերի նախարարության հասրակայնության հետ կապերի բաժնից:

«Լեհաստանում հայ էթնիկ փոքրամասնությունն ունի օրենքով սահմանված կարգավիճակ, ինչը մի քանի հարյուրամյակ Լեհաստանում ապրող հայ համայնքի հանդեպ դրական վերաբերմունքի դրսևորումներից մեկն է»,- հանդիպմանը նշել է Ղազարյանը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել Լեհաստանի իշխանություններին` հայկական կազմակերպություններին ցուցաբերվող աջակցության եւ տարբեր ծրագրերի իրականացման համար, ինչի արդյունքում, ըստ նրա, հնարավոր է դառնում Լեհաստանի տարբեր քաղաքներում կազմակերպել հայկական կիրակնօրյա դպրոցների գործունեությունը, իրականացնել կրթական, գիտական, մշակութային եւ այլ ծրագրեր:

Դանուտա Պիետրաշեւսկան, իր հերթին, պատրաստակամություն է հայտնել ակտիվ համագործակցություն հաստատել Լեհաստանում ՀՀ դեսպանության, ինչպես նաեւ Լեհաստանի հայկական կազմակերպությունների հետ:

Հայաստանի դեսպանը նաեւ երախտագիտություն է հայտնել Լեհաստանի Սեյմի Ազգային եւ էթնիկ փոքրամասնությունների մշտական հանձնաժողովին՝ 2015թ. մայիսի 13-ին Հայոց ցեղասպանությանը նվիրված քննարկում կազմակերպելու համար:

Զրուցակիցներն ընդգծել են հայ համայնքի ունեցած առանձնահատուկ դերակատարմանը եւ պատմական նշանակությանը Լեհաստանի կյանքում: