Ադրբեջանի նախագահ Իհամ Ալիեւը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 65-րդ նստարջանի ամբիոնից, հերթական անգամ մեղադրել է Հայաստանին` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը ձգձգելու մեջ: Սակայն «օկուպացիայի» մասին վաղուց արդեն տրաֆարետային դարձած արտահայտությունների կողքին նրա ելույթում մի քանի ուշագրավ արտահայտություններ են հնչել, որոնք նախկինում չէին լսվել Ալիեւի շուրթերից:

Մասնավորապես, խոսելով ղարաբաղյան կարգավորման շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին, նա առաջին անգամ հստակ ջրբաժան է դրել Լեռնային Ղարաբաղի եւ յոթ շրջանների միջեւ: Նախկինում նա միշտ «օկուպացված» տարածքները մեկ ընդհանրություն էր ներկայացնում:

Այնուհետ Ալիեւը ՄԱԿ-ի ամբիոնից որոշել է ներկայացնել այս փուլում ղարաբաղյան կարգավորման իր տեսլականը՝ յուրօրինակ կերպով մեկնաբանելով «Մադրիդյան սկզբունքները»:

«Հակամարտության կարգավորումը նախատեսում է բոլոր հայկական ուժերի դուրսբերում օկուպացված տարածքներից որոշակի ժամանակահատվածում, բոլոր հաղորդակցությունների վերականգնում, բոլոր փախստականների վերադարձ իրենց հարազատ քաղաքներն ու գյուղերը, անվտանգության միջազգային երաշխիքներ, այդ թվում խաղաղարար ուժերի տեղակայում, միջանկյալ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար: Մենք պատրաստ ենք շարունակել բանակցությունները բարի կամքի ոգով Ադրբեջանական Հանրապետության կազմում Լեռնային Ղարաբաղին կարգավիճակ տալու համար»,- ասել է Ալիեւը: Եթե հաշվի չառնենք իրականությունից լրիվ կտրված հայտարարությունները՝ Ադրբեջանի կազմում Ղարաբաղին կարգավիճակ տալու մասին (պաշտոնական Երեւանը բազմիցս ընդգծել է, թե բացառվում է ԼՂՀ-ն Ադրբեջանի կազմում ընդգրկելու հնարավորությունը), երկրորդ նշանակալի առաջընթացը Ալիեւի դիրքորոշման մեջ փախստականների հարցն է: Բարդ է ասել, խոսքը պարզ բառախաղի, թե իսկապես դիրքորոշման փոփոխության մասին է, սակայն առաջին անգամ է խոսքը գնում անխտիր բոլոր փախստականների վերադարձի մասին, այսինքն նաեւ հայ փախստականների: Ճիշտ է, առայժմ հասկանալի չէ, թե ինչպես է Ադրբեջանի նախագահը պատկերացնում բնիկ հայ բնակչության վերադարձը Բաքու եւ այլ քաղաքներ` չմարող հակահայկական հիստերիայի պայմաններում:

Անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման բանակցությունների ներկա փուլին՝ Ալիեւը նկատել է, որ «Ադրբեջանն ընդունել է 2009թ. դեկտեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված սկզբունքները, սակայն, ցավոք, Հայաստանը պատասխան չի տվել համանախագահների առաջարկին»: