Երկիր մոլորակը մեր ընդհանուր նավն է, որը չպետք է դառնա «Տիտանիկը»։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը՝ դիմելով ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբելայի 65-րդ նստաշրջանին:
Նա առաջարկել է ստեղծել ունիվերսալ միջազգային կազմակերպություն, որը կզբաղվի շրջակա միջավայրի պաշտպանությամբ։ Յանուկովիչը կոչ է արել ուժեղացնել պայքարը ծովահենության դեմ, ինչպես նաեւ Կիեւ է հրավիրել տարբեր երկրների առաջնորդներին՝ մասնակցելու Չեռնոբիլի ողբերգությանը նվիրված միջազգային խորհրդաժողովին:
«Մյուս տարի աշխարհը կնշի Չեռնոբիլի ողբերգական դեպքերի 25-րդ տարելիցը։ Մեզ համար դա մեծ ողբերգություն է, մինչեւ հիմա չսպիացած վերք»-ասել է Ուկրաինայի նախագահը:
Նյու-Յորքում պատասխանելով ԱՄՆ Ատլանտյան խորհրդի անդամների հարցերին, Յանուկովիչը մասնավորապես նշել է, որ ժողովրդավարությունը բացառում է քաղաքացիներին ճնշումները ցանկացած դեպքում։ «Լեզուն այստեղ բացառություն չէ։ Չնայած նրան, թե ինչ լեզվով են մարդիկ խոսում, նրանք բոլորն էլ ուզում են լավ ապրել։ Ինձ թվում է, որ այդ խնդիրը կա ոչ միայն մեր պետությունում, այլ աշխարհի շատ երկրներում։ Սակայն այն երկրներում, որտեղ դեմոկրատիան զարգացած է, նման հարցերը վաղուց արդեն լուծված են»,- ասել է նա:





























