Մատաղիսցի 20-ամյա Ռուզաննան ապրիլի 2-ին ադրբեջանական հրետակոծության ժամանակ գյուղը ժամանակավորապես լքելիս իր հետ ոչինչ չի վերցրել. փոխարենը տաք հագուստով է կարողացել ապահովել իրենց նկուղում ապաստանած հարեւաններին:
«Հարեւանները հավաքվել էին մեր նկուղում, առանց կուրտկա էին, առանց նասկի, դամաշնիկ, գլխարկ, երեխաներն անընդհատ լացում էին: Ես մոտ 15 անգամ բարձրացել եմ տուն ու իջել սնարյադների տակով: Գնում, տաք շոր էի բերում, ջուր էի բերում: Չէի վախենում, այդ պահին իմ մասին չէի մտածում, երեխաների, հարեւանների մասին էի մտածում, որ ոտաբոբիկ են, մեկը՝ առանց կուրտկա, առանց գլխարկ»,- հիշում է Ռուզաննան:
2 երեխաների մայրը պատմում է՝ իրեն չի կորցրել. երբ պայթյունների ձայներից քնից արթնացել է, խուճապի չի մատնվել, երեխաներին է անվտանգ վայր տեղափոխել, ապա վերցրել ամենաանհրաժեշտ փաստաթղթերը, որ տեղափոխվելու դեպքում մոտը լինեն:
«Մեր պատուհանները կոտրվեցին, ապակին լցվեց տուն: Երեխաներին վերմակի մեջ փաթաթեցի, դրեցի մահճակալի տակ: Հետո մոտեցա, բամբակ վերցրի, որ երեխաների ականջները փակեմ, բան չլինի ձայներից: Հետո իջանք նկուղ, որոշ ժամանակ հետո էլ այնտեղից մյուսների հետ տեղափոխվեցինք գյուղից»,- պատմում է Ռուզաննան, որը 2 եւ 4-ամյա դստրերի, սկեսուրի հետ Ստեփանակերտում է ապաստանել:
Ռուզաննան տեղի ունեցածն այժմ սարսափով է հիշում, զարմանում, թե ինչպես է կարողացել ուժ գտնել, խուճապի չմատնվել, դեռ մի բան էլ՝ համագյուղացիներին օգնել:
«Լսել եմ նման բաների մասին, կարդացել եմ, բայց չեմ պատկերացրել, որ նման բան կարող է մեզ հետ պատահել: Երբ աչքովդ ես տեսնում, դա լրիվ ուրիշ է: Երեւի Աստված ինձ ուժ տվեց, որ չվախեցա, էդքան անգամ էդ սնարյադների տակ մտա տուն դուրս եկա, կարողացա մի բանով օգնել մյուսներին»,- ասում է Ռուզաննան:
Ռուզաննայի ամուսինը առաջին օրվանից դիրքերում է: Ինքը նույնպես դիմել է՝ կամավոր գրանցվելու ու ամուսնու մոտ մեկնելու համար, սակայն թույլ չեն տվել:
«Ամուսինս որ գնաց պոստեր, ես էլ գնացի, լացելով ասեցի՝ ես էլ կամավոր ուզում գնամ, գնամ ամուսնուս մոտ: Թե մեռնենք՝ մի տեղ, թե հաղթենք՝ մի տեղ: Ասեցին՝ երեխա ունես, ասեցի՝ հա, մամաս կպահի իրենց սկեսուրիս հետ, գնամ, ինչով կարամ օգուտ կտամ զինվորներին: Սկզբում համաձայնել էին, հետո իմացան, որ երեխաներիցս մեկը 2 տարեկան է, մյուսը՝ 4, ասեցին՝ գնա երեխեքիդ մոտ, չտարան»,- պատմեց նա:
Ռուզաննան հույս ունի, որ շուտով հնարավորություն կունենան Մատաղիս՝ իրենց տուն վերադառնալու:











