Տղամարդը, որը, ըստ Քննչական կոմիտեի, համարվում է Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի ենթադրյալ մեղավորը, դեպքից առաջ եղել է Երեւանում գտնվող մոր տանը, վիճաբանել է նրա հետ: Հարեւաններից մեկը, որը խնդրեց չհրապարակել իր անունը, NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ նրանց բնակարանից երեկոյան 18:00-ի մոտ վեճի ձայներ է լսել:
Հարեւանները նշեցին, որ տղամարդուն մոտիկից չեն ճանաչում, բայց իրենց տպավորությամբ՝ կրթված էր:, տեսել են, որ հաճախ է հյուր գալիս միայնակ ապրող մորը, որը վերջերս էր տեղափոխվել իրենց շենք:
«Շատ խելացի, կրթված տղա էր, հաճախ էր մորը հյուր գալիս, մենք էլ ենք զարմացած, նման բան չէինք սպասում»,- ասաց հարեւաններից մեկը:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ դեպքի վայրի զննությամբ, ի թիվս քրեական գործով էական նշանակություն ունեցող այլ առարկաների, հայտնաբերվել է բջջային հեռախոսային քարտ։ Քննությամբ եւ ԱԱԾ-ի հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքի վայրում հայտնաբերված բջջային հեռախոսային քարտի բաժանորդը կենցաղային հողի վրա դժգոհություն է ունեցել ազգականների հետ եւ նախապատրաստվել է պայթեցման եղականով վնասել նրանց:
ԱԱԾ օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համագործակցաբար պարզվել է տվյալ քարտի բաժանորդի ինքնությունը, որը ՀՀ քաղաքացի է, նախկինում երկու անգամ դատված։ Նրա բնակության վայրում օրենքով սահմանված կարգով ապրիլի 26-ին իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է «տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ, պայթուցիչ սարքեր (դետոնատոր) և տարբեր տեսակի էլեկտրասարքավորումներ:
«Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութի տարրեր, հետքեր հայտնաբերվել են նաև ավտոբուսի և դեպքի վայրի զննությամբ առգրավված փորձանմուշների վրա, ինչը հիմնավորվել է նշանակված փորձաքննության նախնական եզրակացությամբ:
Հիշեցնենք, որ թիվ 63 համարի ավտոբուսը պայթել է ապրիլի 25-ին, ժամը 21:45-ի սահմանում, Երեւանի Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ: Կա երկու զոհ եւ 8 տուժած:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:





























