Ադրբեջանը ստիպված կլինի վերադառնալ բանակցությունների սեղանի մոտ: Այդ մասին ապրիլի 27-ին Հայաստանի խորհրդարանում կառավարական ժամին հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Ադրբեջանի` բանակցություններն իր օգտին թեքելու փորձը ձախողվել է: Լավ հայտնի է, որ հակամարտության կարգավորման հիմնական փաստաթղթերը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրների 5 հայտարարություններն են, որոնք Ադրբեջանը ոչ մի կերպ չի ցանկանում վկայակոչել եւ ձեւացնում է, թե չգիտե` ինչի մասին է խոսքը, կամ էլ աղավաղված ձեւով ներկայացնում է փաստաթղթեր, որոնք աշխատանքային բնույթ են կրել:
Ասվում է, թե 2009-ից ի վեր ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի կողմից աշխատանքային փաստաթղթեր չեն ներկայացվել: Այդ դեպքում մնում է միայն կռահել, թե ինչի վերաբերյալ են եղել քննարկումները նախարարների մակարդակում, ինչպես նաեւ Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ տարբեր գագաթնաժողովներում, ինչ են քննարկել արտգործնախարարները եւ վերջապես, ինչ են քննարկել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Հայաստան, Ադրբեջան եւ Ղարաբաղ այցելությունների ընթացքում:
Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի խոսքերը չեն համապատասխանում իրականությանը եւ տեսնելով, որ չեն կարող բանակցություններն իրենց օգտին թեքել, նրանք փորձեցին ինչ-որ բան ստանալ ռազմական ոլորտում, եւ դարձյալ անարդյունք:
«Նրանք ստիպված կլինեն վերադառնալ բանակցային գործընթացին: Չկա այնպիսի հակամարտություն կամ պատերազմ, որից հետո չեն վերադառնում բանակցությունների սեղանին լուծում գտնելու համար», - հայտնել է արտգործնախարարը:




























