Երկրորդ գիշերն անընդմեջ իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարված է: Առաջնագծի ամբողջ երկայնքով հակառակորդը այս գիշեր էլ ինտենսիվ հրետակոծել է ոչ միայն ղարաբաղյան դիրքերը, այլեւ խաղաղ բնակավայրերը: Հրետակոծությունն առավել ինտենսիվ է եղել հյուսիսարեւելյան, մասնավորապես, Մարտակերտի եւ  Ներքին Հոռաթաղի ուղղությամբ: Մարտակերտում տներ են վնասվել: Պաշտպանության բանակը դիմել է պատժիչ գործողությունների՝ թշնամուն պատճառելով կենդանի ուժի եւ տեխնիկայի զգալի կորուստներ: Օրվա ընթացքում շփման գծում հաստատված հարաբերական անդորրը հակառակորդը կրկին խախտել է օրվա երկրորդ կեսին, արկակոծել Մարտակերտի ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերը: Հյուսիս-արեւելյան ուղղությամբ նկատվել է նաեւ հակառակորդի տեխնիկայի շարժ:

Հայկական կողմն ունի մեկ զոհ: 20-ամյա ժամկետային զինծառայող Հայկ  Մինասյանը Վանաձորից էր, բազմազավակ, անապահով ընտանիքից:

Հակառակորդի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով Պաշտպանության բանակի երեք զինծառայող է վիրավորվել, նրանցից մեկը ծանր վիճակում է:

Ի դեպ, ապրիլի սկզբի քառօրյա պատերազմի հետեւանքով վիրավորված զինծառայողներից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Վիրավորված 125 զինծառայողներից 87-ն արդեն դուրս են գրվել եւ վերադարձել դիրքեր

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է ադրբեջանցիների հեռախոսազրույցները, որոնք որսացել են ռադիոկապով: Ձայնագրություններում ադրբեջանցիները խուճապահար խոսում են բազմաթիվ զոհերի ու վիրավորների մասին: «Ալիևը գժվել է»,- ասում է նրանցից մեկը:

Երեւանի քաղաքապետարանը մտադիր է մշակութային ծրագրերին հատկացվող գումարները կրճատել եւ ուղղել քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներին ֆինանսական օգնություն ցուցաբերելուն: Արդյոք քաղաքապետը պատրաստվում է իր անձնական միջոցներից գումար տրամադրել բանակին, Տարոն Մարգարյանն այս հարցն անպատասխան է թողել:

Ավտոբուսի պայթյունից տուժած քաղաքացիները ապաքինվում են: Երկու պատանիների վիճակը կայունացել է: Տուժածներից երկուսը դուրս են գրվել: Հղի կնոջ վիճակը վերահսկելի է: Վերակենդանացման բաժանմունքից այսօր հիվանդասենյակ է տեղափոխվել 53-ամյա Հասմիկ Մելքոնյանը: Նա ավտոբուսում նստած է եղել հղի կնոջ՝ Անուշի կողքին, որը նրա բարեկամուհին է: Իրենց ուղղությամբ կողքի շարքում նստած Ռուբեն Բալյանին նա տեսել է, բայց ոչ մի կասկածելի բան չի նկատել: Տիկին Հասմիկը պայթյունի պահը չի հիշում:

Ավտոբուսի պայթյունից մահացած 37-ամյա Արմեն Հովհաննիսյանը երկու անչափահաս երեխաների հայր էր: Մասնագիտությամբ ատամնատեխնիկ Արմենը սովորականի պես տնից դուրս է եկել՝ աշխատանքի գնալու, րոպեներ հետո ընտանիքի անդամները լուրերից տեղեկացել, որ պայթել է 63 համարի ավտոբուսը, որով նա սովորաբար աշխատավայր էր հասնում: Արմենին փնտրել են վիրավորների շարքում, տարբեր հիվանդանոցներում: Նրա մարմինը ճանաչել է ընկերը՝ ոտքի սպիից:

Ապրիլի 26-ի երեկոյան Որոտան գետում 8-ամյա տղա է խեղդվել: Սյունիքի  մարզի Շաղատ գյուղի բնակիչ Արեն Գրիգորյանը 2 ընկերների հետ գնացել էր գետի մոտ խաղալու: Երբ Արենը ընկել է գետը, ընկերներից մեկը վազել է գյուղ՝ կատարվածի մասին տեղեկացնելու: Սակայն մինչեւ փրկարարների հասնելը՝ երեխան մահացել է:

Երկուսուկես ամիս անց Ազգային ժողովի նիստերի դահլիճ է վերադարձել Գալուստ Սահակյանը: Պատգամավորները նրան դիմավորել են ծափահարություններով: Նրա նախագահությամբ առաջին նիստին շարունակվել են Ընտրական նոր օրենսգքրի շուրջ քննարկումները: Ընտրական օրենսգրքի քննադատությամբ տարված՝ Օսկանյանն արել է խոստովանություն, որը Շարմազանովի աչքից չի վրիպել

Արդեն միջանցքում Վարդան Օսկանյանը խոսել է իր ստեղծած կուսակցության մասին: «Համախմբումը», այսպես է կոչվելու կուսակցությունը, փորձելու է այլընտրանք դառնալ իշխող քաղաքական ուժին, նախագահի եւ առհասարակ որեւէ մեկի հրաժարականը չի պահանջելու, երկրորդ նախագահի Ռոբերտ Քոչարյանի հետ, Օսկանյանի պնդմամբ, կապ չունի:

«Գազպրոմ Արմենիան» մտադիր է իջեցնել գազի սակագինը սպառողների համար: Ընկերությունն արդեն համապատասխան հայցը ներկայացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Եթե հայցը բավարարվի, տնային տնտեսությունների համար գազի գինը կնվազի 10 դրամով՝ դառնալով 146 դրամ, խոշոր սպառողների համար գազի գինը կնվազի 19 դրամով:

Ապրիլի 27-ին նվազել է միայն դոլարի փոխարժեքը՝  կազմելով 479: Մյուս երեք արտարժույթները աննշան արժևորվել են՝ եվրոյի փոխարժեքն այսօր 542 դրամ էր, ֆունտինը՝ 699, իսկ ռուբլունը՝ 7.36 դրամ:

Ապրիլի 28-ին Հայաստանի տարածքում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով: Երեւանում սպասվում  է թեթև անձրեւ եւ ամպրոպ:Առաջիկա գիշերը  սպասվում է  մինչև 14, իսկ վաղը ցերեկը՝+26 աստիճան տաքություն: