Ավտոբուսի պայթյունի հետեւանքով  տուժած 14 եւ 15 տարեկան պատանիների առողջական վիճակը շարունակում է մնալ  կայուն ծանր:  Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Առողջապահության նախարարությունից:

««Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մանկական վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանի  խոսքով`  պարբերաբար   նեղ մասնագետների հետ  համատեղ քննարկվում է երեխաների բուժման հետագա ընթացքը, կատարվում է առողջական վիճակի գնահատում: Տղաներն այս փուլում ստանում են բազմապրոֆիլային բուժում:

Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում բուժումը  շարունակում է վթարից տուժած 37-ամյա հղի կինը:  Մանկաբարձագինոկոլոգիական տեսանկյունից`  նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար: Հղին ունի ցավեր կրծքավանդակի շրջանում` պայմանավորված  սալջարդերով:   Պարբերաբար կազմակերպվում են նեղ մասնագիտական խորհրդատվություններ: ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի փոխանցմամբ` կնոջ եւ  պտղի կյանքին  այս պահին վտանգ չի սպառնում:

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում բուժվում է պայթյունից տուժած 3 քաղաքացի: Նրանցից երկուսը գտնվում են քիթ-կոկորդ-ականջաբանության, մեկը` նյարդավիրաբուժության բաժանմունքներում, բոլորի վիճակը  բժիշկները գնահատում են բավարար»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: