Ավտոբուսի պայթյունից տուժած, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտուտում բուժվող 37-ամյա հղի կինն այսօր՝ մայիսի 2-ին, դուրս կգրվի բժշկական հաստատությունից:

Առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի փոխանցմամբ` կնոջ եւ  պտղի  վիճակը գնահատվում է լավ: Տնային պայմաններում եւս կշարունակվեն  նեղ մասնագիտական խորհրդատվությունները:

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող 14 եւ 15 տարեկան պատանիների առողջական վիճակը  կայուն է, գրանցվում է  դրական տեղաշարժ: Բժշկական կենտրոնի մանկական վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանի  խոսքով`  շարունակվում է բազմապրոֆիլային բուժումը: Շաբաթվա երկրորդ կեսին կքննարկվի տղաներին  հիվանդասենյակ տեղափոխելու հնարավորությունը: 

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում բուժումը շարունակում է  պայթյունից տուժած 3 քաղաքացի: Նրանց վիճակը բժիշկների գնահատմամբ բավարար է: Առաջիկա օրերին քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքում գտնվող երկու քաղաքացիները, ովքեր թմբկաթաղանթի վնասվածքներ էին ստացել  կվիրահատվեն:

Հիշեցնենք, որ որ թիվ 63 համարի ավտոբուսը պայթել է ապրիլի 25-ին, ժամը 21:45-ի սահմանում, Երեւանի Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ: Կա երկու զոհ եւ 8 տուժած: