Եվրոպական կազմակերպությունների փոխգործակցությունը շատ խնդիրների լուծման ուղի է: Այդ մասին AnalitikaUA.net-ի մեկնաբանություններում հայտնել է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը` ամփոփելով Եվրախորհրդարանում Սփյուռքերի միջազգային համաժողովի արդյունքները: 

Շատվորյանի կարծիքով, ձեռք բերված պայմանավորվածությունները թույլ կտան ընդլայնել համագործակցության ոլորտը:  

«Եվրոպական կազմակերպությունների փոխգործակցությունը շատ խնդիրների լուծման ուղի է: Մասնավոր շփումները եւ միջազգային թատերաբեմում ձեռք բերված պայմանավորվածությունները կարեւոր գործընկերների հետ գործողությունները համադրելու ռեալ հնարավորություն են»:

Նշենք, որ մայիսի 2-ին Ուկրաինայի հայերի միության պատվիրակությունը ՈՒՀՄ-ի նախագահ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ մասնակցել է Եվրախորհրդարանում   «Սփյուռքերի Եվրոպա» համաժողովին:

Համաժողովի ձեւաչափը մասնակիցներին աննախադեպ հնարավորություն է ընձեռել   եվրոպական առաջնորդների, քաղաքական գործիչների, ակտիվիստների եւ փորձագետների հետ կարծիքներ փոխանակել եկող տարում Եվրոպայում սփյուռքերի դերի, տեղի եւ տեսլականի վերաբերյալ:  

Միջոցառումն անցկացվում էր «Սփյուռքերի Եվրոպա» զարգացող նախագծի շրջանակում` ընկերակցության, որն աջակցում է եվրոպական սփյուռքերի միջեւ փորձի փոխանակմանը, փոխգործակցությանը եւ ժողովրդայնացմանը:   

Որպես նախագծի կազմակերպիչներ հանդես են եկել Հայ բարեգործական ընդհանուր միությունը (AGBU), կամավորների «Phiren Amenca» ընկերակցությունը, Հրեա ուսանողների եվրոպական միությունը (EUJS), ինչպես նաեւ Եվրոպական Միության Կրթության, աուդիո եւ վիդեոտեղեկատվության եւ մշակույթի գործադիր գործակալությունը:  

Արդեն հաղորդվել է, որ 2013-ից ի վեր միջազգային համագործակցությունը ՈՒՀՄ-ի առաջնահերթ ուղղությունն է դարձել: Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչները ԱՄՆ-ի, Եվրոպայի եւ այլ շրջանների կազմակերպությունների հետ համագործակցության հարթակներ են ստեղծում: