Հայաստանի եւ Հնդկաստանի մայրաքաղաքների միջեւ կձեւավորվի փոխշահավետ համագործակցություն: Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբուն:
Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության ու համատեղ աշխատանքի համար` Երեւանի քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ Երեւանի քաղաքապետարանի եւ դեսպանատան միջեւ փոխգործակցությունն այսուհետ եւս կլինի կառուցողական ու հաջողված:
Դեսպան Սուրեշ Բաբուն իր հերթին համոզմունք է հայտնել, որ Երեւանի զարգացման ներկայիս տեմպերը հաշվի առնելով՝ հայ-հնդկական բարեկամության շրջանակում երկու երկրների մայրաքաղաքների միջեւ եւս կձեւավորվի փոխշահավետ համագործակցություն, ինչին, անշուշտ, իր նպաստը կբերի նաեւ նոր դեսպանը:
«Այս ընթացքում Հնդկաստանից տասնյակ պատվիրակություններ են այցելել Երեւան ու, վստահեցնում եմ Ձեզ, որ անխտիր բոլորը հաճելիորեն տպավորված են եղել Երեւանի գեղեցկությամբ: Դա այն կարեւոր բաղադրիչներից մեկն է, որ մեծապես կնպաստի նաեւ երկու երկրների մայրաքաղաքների միջեւ արդյունավետ փոխգործակցություն ձեւավորելու համար»,- ընդգծել է Սուրեշ Բաբուն:




























