Չինաստանում նոր ավտոարտադրող է ստեղծվել՝ Hanteng Autos-ը: Ընկերության տարբերանշանը հիշեցնում է Ferrari-ի ծառս եղած ձին: Այս մասին գրում է CarNewsChina-ն:
Ընկերությունը հիմնվել է դեռեւս 2013 թվականին, սակայն առաջին ավտոմեքենան Hanteng Autos-ը թողարկել է այս տարվա ապրիլի 12-ին: Ընկերության առաջին մեքենան՝ Х7 SUV ամենագնացը, 1.5 եւ 2 լիտր ծավալով 150 եւ 190 ձիաուժ հզորությամբ շարժիչներ ունի: Պարբերականի փոխանցմամբ, նոր մեքենայի արտաքինը հիշեցնում է չինական Zotoe T600 քրոսովերը, որն իր հերթին դիզայներական լուծումները փոխառել է Audi-ից:
Ըստ Lenta-ի, ընկերությունը նախատեսում է տարեկան 100 հազար մեքենա թողարկել: Դրանք 80 հազար յուան (շուրջ 12 հազար դոլար) կարժենան: Ընդհանուր առմամբ, նոր ապրանքանիշի ստեղծման համար 3.7 մլրդ յուան է ներդրվել (614 մլն դոլար):




























