Արեւելյան Յորքշիրի 52-ամյա բնակիչ Թոմաս Մեյրը, որը մեղադրվում է բրիտանական խորհրդարանի անդամ Ջո Քոկսի սպանության համար, առաջին անգամ կանգնել է դատարանի առջեւ: 

Երբ Վեստմինստերյան դատարանը նրան խնդրել է հաստատել իր անունը, Թոմաս Մեյրն ասել է. «Մահ դավաճաններին, ազատություն Մեծ Բրիտանիային»,  հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Մեյրին մեղադրում են նաեւ հանցագործություն կատարելու նպատակով հրազեն եւ հարձակողական զենք ունենալու համար: 

Լեյբորիստական կուսակցությունից պատգամավոր 41-ամյա Ջո Քոկսը սպանվել էր հունիսի 16-ին Լիդսից ոչ հեռու Բերստալլ տեղանքում իր պատգամավորական ընդունարանի մոտ:   

Ականատեսների պատմելով, Քոկսին է մոտեցել տղամարդ, որը, ըստ ամենայնի, որոշ ժամանակ սպասել էր նրա ընդունարանի մոտ, սկզբում երկու անգամ կրակել է նրա ուղղությամբ, իսկ հետո, երբ Քոկսն ընկել է, երրորդ անգամ` գլխին: Հետո նա մի քանի անգամ դանակով հարվածել է խորհրդարանի անդամին:   

Ջո Քոկսն ավելի ուշ` հիվանդանոցում մահացել է վերքերից:

Ջո Քոկսը  քարոզչական արշավի էր մասնակցում Բրիտանիայի` հունիսի 23-ին նշանակված հանրաքվեի արդյունքում Եվրամիությունում մնալու օգտին: 

Երկու ճամբարն էլ դադարեցրել են քարոզչությունը այդ դժբախտ դեպքի պատճառով: