Գերմանական Volkswagen ավտոկոնցեռնն ամերիկյան Քալիֆորնիա նահանգի իշխանություններին 86 մլն դոլարի չափով տուգանք կվճարի՝ էկոլոգիական նորմերի խախտման համար: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նահանգի դատախազ Քամալ Հարիսին:

Նրա խոսքով, այդ գումարը չի մտնում 15.3 մլրդ դոլարի մեջ, որն ընկերությունը պետք է վճարի ԱՄՆ իշխանությունների հետ համաձայնության շրջանակում:

Հունիսի վերջին Volkswagen-ին հաջողվել է կարգավորել, այսպես կոչված, «դիզելային սկանդալի» հետ կապված ամերիկյան իշխանությունների պահանջները: Կնքված համաձայնության շրջանակում, 15.3 մլրդ դոլարից ընկերությունը շուրջ 10 մլրդ դոլար կծախսի ԱՄՆ-ում վաճառված 475 հազար ավտոմեքենաների գնման կամ նորոգման համար, որոնցում էկոլոգիական նորմերին չհամապատասխանող ծրագրային ապահովում է տեղադրված:

Բացի այդ, ԱՄՆ-ում այդ մեքենաների գնորդներին Volkswagen-ը 10 հազարական դոլար կվճարի: