Հուլիսի 15–ին կեսգիշերին մոտ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի երկնքում ռազմական օդանավեր եւ ուղղաթիռներ հայտնվեցին։ Գրեթե միաժամանակ տեղեկություն տարածվեց, որ Ստամբուլում Բոսֆորի նեղուցի երկու կամուրջները փակվել են ավտոտրանսպորտի երթեւեկության համար: Երկրի երկու գլխավոր քաղաքների փողոցները լցվեցին տանկերով ու զինվորականներով։
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարեց՝ երկրում պետական հեղաշրջման փորձ է կատարվում, որը նախաձեռնել են մի խումբ զինվորականներ։ Րոպեներ անց արդեն Թուրքիայի պետական հեռուստաալիքի ուղիղ եթերում մեկնաբանը տեղեկացրեց, որ Էրդողանի իշխանությունը տապալված է, իշխանությունը զինվորականների ձեռքն է անցել, եւ իրենց նպատակն է երկրում օրենքի գերակայություն հաստատել։ Հեղաշրջման կազմակերպիչները նաեւ հայտարարեցին, որ երկրում պարետային ժամ են սահմանում, եւ շուտով նոր սահմանադրություն է մշակվելու։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ այդ պահին հեռուստաընկերության ստուդիան գրավված էր հեղաշրջման փորձի մասնակիցների կողմից, իսկ հաղորդավարուհին տեքստը կարդում էր զենքի սպառնալիքի տակ։ Հեռուստաընկերությունը շուտով դադարեցրեց եթերը։
Հեղաշրջում իրականացվել է թե ոչ, որտեղ է Էրդողանը. այս հարցերն օդում կախված մնացին առաջիկա ժամերի ընթացքում։ Տեղեկություն տարածվեց, որ Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանը շրջափակված է տանկերով, բոլոր ուղղություններով չվերթները դադարեցվել են։ Թուրքական որոշ լրատվամիջոցներ հաղորդում էին, որ Անկարայում Թուրքիայի գլխավոր շտաբի հարեւանությամբ փոխհրաձգություն է տեղի ունեցել, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պատանդ է վերցրել հեղաշրջում կազմակերպած խումբը, որն իրեն անվանում է «Երկրում խաղաղության խորհուրդ»։
Էրդողանից առաջին տեղեկությունը ստացվեց գործողության մեկնարկից մոտ երկու ժամ անց։ CNN Turk-ի եթերում Թուրքիայի նախագահը, որն այդ ժամանակ հանգստանում էր թուրքական Մարմարիս միջերկրածովյան կուրորտում, հայտարարեց, որ ինքն անվտանգ վայրում է, շարունակում է մնալ իշխանության ղեկին, իրավիճակը շուտով կարգավորվելու է եւ մեղավորները պատժվելու են։ Նա վստահեցրեց, որ հեղաշրջման փորձը նախաձեռնել է ոչ թե բանակի հրամանատորությունը, այլ ընդամենը զինվորականների մի խումբ եւ ակնարկեց, որ նրանք կապ ունեն ԱՄՆ–ում բնակվող Ֆեթթուլահ Գյուլենի շարժման հետ՝ որին Էրդողանը նախկինում բազմիցս մեղադրել է հեղաշրջման փորձերի մեջ։ Գյուլենի շարժման ներկայացուցիչները հերքեցին այս մեղադրանքը։
Երեւանի ժամանակով ժամը 2–ի մոտ ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնի կայքում տեղեկություն հայտնվեց, որ Էրդողանը քաղաքական ապաստան է խնդրում Գերմանիայից, ավելին՝ նա արդեն օդանավում է եւ ուղեւորվում է Գերմանիա։ Ավելի ուշ ամերիկյան լրատվամիջոցները հաղորդեցին, որ Գերմանիան հրաժարվել է Էրդողանին քաղաքական ապաստան տրամադրել, եւ նրա օդանավը թռչում է Լոնդոն։ Պատոնապես այս տեղեկություններից ոչ մեկն այդպես էլ չհաստատվեց։
Այդ ընթացքում տեղեկություններ տարածվեցին, որ Անկարայում տանկերը շարժվում են նախագահի նստավայրի եւ խորհրդարանի ուղղությամբ, կրակոցներ ու պայթյուններ հնչեցին Անկարայում նախագահական պալատի եւ խորհրդարանի շենքերի մոտ։ Ավելի ուշ տարածվեցին նաեւ այդ պայթյունների տեսագրությունները։
Էրդողանի կոչից հետո մարդիկ սկսեցին հավաքվել Ստամբուլի Թաքսիմ հրապարակում, դուրս եկան փողոցներ, շարժվեցին դեպի Բոսֆորի կամուրջներ։ Զինվորականների եւ քաղաքացիների միջեւ բախումներ սկսվեցին, զինվորականները Բոսֆորի կամրջի վրա սկսեցին կրակ բացել մարդկանց ուղղությամբ, հայտնվեցին առաջին տեղեկությունները զոհերի մասին։
Ժամը 3–ի մոտ հայտնվեցին առաջին տեղեկությունները գեներալների ձերբակալության մասին։ Ժամը 4–ի մոտ Ազգային հետախուզությունը հայտարարեց, որ հեղաշրջման փորձը կանխվել է, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ազատված է։ Համացանցում հայտնվեց տեսանյութ, որում երեւում է՝ ինչպես է Հուլուսի Աքարը պատանդառությունից ազատվելով ուղղաթիռով անվտանգ վայր տեղափոխվում։
Ոստիկանությունը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձին մասնակցած մոտ երեք հազար զինվորականների ձերբակալության մասին, գրեթե նույնքան դատավոր հեռացվեց աշխատանքից՝ գործողությանը մասնակցելու կասկածանքով։ Հեղաշրջման փորձը ճնշելիս ընդհանուր առմամբ զոհվեց 250–ից ավելի մարդ՝ ինչպես զինվորականներ, այնպես էլ քաղաքացիական անձինք։
Հրապարակվեցին կադրեր՝ ինչպես են Բոսֆորի կամուրջը գրաված զինվորականները հանձնվում իշխանություններին։ Ութ զինվորական էլ անցավ Հունաստանի սահմանը եւ քաղաքական ապաստան խնդրեց։
Այսպիսով՝ Թուրքիայում ռազմական հեղաշրջում իրականացնելու հինգերորդ փորձը տապալվեց։ Չնայած հարց է՝ որքանով էր սա հեղաշրջման փորձ։ Շատ փորձագետներ վստահ են, որ սա այսպես կոչված շոու էր՝ հենց Էրդողանի կողմից կազմակերպված։ Ոմանք նույնիսկ այն համեմատում են Հիտլերի նախաձեռնության հետ, որը ժամանակին կազմակերպեց Ռեյխստագի հրդեհը՝ երկրում ընդդիմությանը վերջնականպես ճնշելու եւ իր դիրքերն ամրապնդելու համար։











