CNN հեռուստաընկերությունը ներկայացրել է ենթադրաբար Մյունխենի հրաձիգի խոսակցության ձայնագրությունը:
Տեսանյութը նկարահանել են երկու տարբեր բջջային հեռախոսներից: Լսվում է 2 տղամարդու խոսակցություն: Դրանցից մեկը կայանատեղիի վերին հարկում է, իսկ մյուսը՝ պատշգամբում: Ձայնագրություններում խոսակցությունն ավարտվում է հրաձգությամբ: Տղամարդը, որն, ըստ երեւույթին, հրաձիգն է, թուրքերի հասցեին վիրավորանքներ է բացականչում, բայց ջիհադական գաղափարախոսություն չի հայտնում՝ խոսելով գերմանական շեշտադրությամբ:
Ընդ որում, հեռուստաընկերության մեկ այլ զրուցակից, որը ողբերգության ականատես էր եղել, հայտարարել է, որ հրաձիգն արտասանել է Ալլահ Աքբար արաբերեն: Կինն ասել է, թե հասկացել է դա, քանի որ մուսուլման է:
Մեկ այլ ականատես՝ Հուսեյն Բայրին, ասել է, որ լսել է, թե ինչպես է հրաձիգը բացականչում, թե կսպանի օտարերկրացիներին: «Սկզբում ես բղավոց լսեցի. «Դուք գրողի տարած….. օտարերկրացիներ: Ես գերմանացի եմ: Դուք կստանաք դեռ»,- ասել է ականատեսը:
Նշենք, որ ուրբաթ երեկոյան զինված անձը կրակ էր բացել «Օլիմպիա» առեւտրային կենտրոնի մոտ: Հարձակման հետեւանքով 9 մարդ է մահացել, 16-ը տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանները հայտնել են, որ կրակողը եղել է 18-ամյա իրանցի: Հարձակումից հետո նա հայտնվել է քաղաքացիական պարեկային ծառայության աշխատակիցների կրակի տակ: Ավելի ուշ ոստիկանները հայտնաբերել են հարձակվողի մարմինը: Ոստիկանության տվյալներով, հրաձիգը գործել է միայնակ եւ հավանական է, ինքնասպան է եղել:











