Եվրամիության սահմանապահ եւ առափնյա ծառայությունը 2020 թվականին հազար հաստիքային աշխատակից եւ 320 մլն եվրոյի չափով բյուջե կունենա։ Այս մասին ասել է ներքին գործերի, միգրացիայի եւ քաղաքացիության հարցերով եվրահանձնակատար Դիմիտրոս Ավրամապոլուսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Մինչեւ 2020 թվականը գործակալությունը կունենա 1000 հաստիքային աշխատակից եւ կտնօրինի ավելի քան 320 մլն եվրոյի չափով բյուջե։ Գործակալությունը կարող է գործի դնել 1500 սահմանապահներից կազմված արագ արձագանքման խումբը»,– ասել է Ավրամապուլոսը Բուլղարիայի եւ Թուրքիայի սահմանին գործակալության գործարկման արարողությանը։

ԵՄ սահմանապահ եւ առափնյա ծառայությունը ներառում է Frontex արտաքին սահմանների վերահսկման գործող գործակալությունը՝ ընդլայնված լիազորություններով եւ ԵՄ անդամ երկրների ազգային կառույցները, որոնք պատասխանատու են սահմանային վերահսկողության  համար։ ԵՄ նոր կառույցի գործառույթներից մեկը արտաքին սահմանների պաշտպանության աջակցությունն է։