Սիրիայում «Ռուսաստանի ռազմական հանցագործությունների» հետաքննություն անցկացնելու անհրաժեշտության մասին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հայտարարություններն իրադրության սրում են, նման եզրույթների խաղարկումը վտանգավոր է, քանի որ ռազմական հանցագործությունների մասին պետք է խոսել ամերիկացիների պարագայում: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Ավելի վաղ Ջոն Քերրին Ռուսաստանին եւ սիրիական իշխանություններին մեղադրել էր մարտական գործողությունների ընթացքում «ռազմական հանցագործություններ» կատարելու մեջ եւ հետաքննության կոչ արել:

«Քերրիի հայտարարությունը քարոզչություն է: Այդ տերմինաբանության հետեւում լուրջ իրավաբանական հետեւանքներ են կանգնած: Երբ խոսքը ռազմական հանցագործությունների մասին է, ամերիկյան ներկայացուցիչները պետք է Իրաքից սկսեն, հետո անցնեն Լիբիա, անպայման Եմեն՝ հասկանալու համար, ինչ է այնտեղ կատարվում: Ուզում եմ ասել, որ նման բառեր օգտագործելը շատ վտանգավոր է, քանի որ ամերիկյան ներկայացուցիչներն իսկապես ռազմական հանցագործությունների մասնակից են»,- ասել է դիվանագետը: