ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2005 թվականի տեսանյութում, որում ինքը պատմել է, թե ինչպես պետք է սեքսով զբաղվել, առանձնահատուկ ոչինչ չի ներկայացնում իրենից, քանի որ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը «շատ ավելի վատ բաներ է ասել»: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Տեսանյութը հրապարակել էր Washington Post-ը: «Դու կարող ես կանանց հետ անել այն ամենը, ինչ ցանկանաս, եթե աստղ ես»,- զրույցի ընթացքում հաղորդավար Բիլլի Բուշին ասում է Թրամփը: Այնուհետեւ գործարարը պարծենում է ամուսնացած կնոջ գայթակղելու եւ մի շարք այլ կանանց մարմնի ինտիմ հատվածներին հպվելու փորձով: Բացի այդ՝ Թրամփը նշում է, որ գեղեցիկ կանայք մեխանիկորեն գրավում են իրեն, եւ ինքը հաճախ է փորձում նրանց համբուրել:
Նախօրեին Թրամփը նկատել էր, որ դա «հանդերձարանից կատակ» եւ «մասնավոր խոսակցություն» էր: «Բիլ Քլինթոնը գոլֆի դաշտում ինձ շատ ավելի վատ բաներ է ասել: Ներողություն եմ խնդրում, եթե նեղացրել եմ ինչ-որ մեկին»,- ասել է նախագահի թեկնածուն:




























