Տանզանիայում մարտի 23-ին ձերբակալված Վարդանյան եղբայրները վերջապես ազատության մեջ են։

52-ամյա Արտյոմ եւ 44-ամյա Էդուարդ Վարդանյանները արդեն գտնվում են Հոլանդիայում, ուր ժամանել են Տանզանիայից։

Արտյոմ Վարդանյանը Facebook-ի իր էջում գրառում է արել։ «Ոչինչ չի կարող կոտրել մարդուն, որը հարուստ է ընկերներով։ Ես ու եղբայրս տանզանիական բանտում 7 ամսվա հարկադիր արձակուրդից հետո հասկացանք, որ այդ երկրի բյուջեն խիստ կարիք ունի 220 դոլարի, որ ես վճարեցի ներգաղթի կանոնների համար, քանի որ «Ջամբոյի» համար բավական շատ դեկորացիաներ էի գնել։ Եղբայրս, ինչպես պարզվեց, բացառապես մարդասիրական նպատակներով էր այսքան ժամանակ մնացել բանտում, որ ես կարողանայի նրա հետ բլոտ խաղալ։ Նրանից անգամ հարկ չհամարեցին տուգանք գանձել։ Ի հեճուկս այն անձանց, որոնք ուզում էին Տանզանիայում մեր «հանգիստը» ձգել 30 տարով, այդպես էլ չկարողացան մեզ հարկադրել հագնել կալանավորի այս նարնջագույն համազգեստը, որը ես ինքնակամ հագել եմ արդեն Հոլանդիայում»,- գրել է նա։

Նշենք, որ Վարդանյան եղբայրները ձերբակալվել էին «Զօօ Ֆաունա Արտ» ՍՊԸ-ին պատկանող 61 կապիկները Հայաստան տեղափոխելու հետ կապված խնդիրների պատճառով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2016թ. մարտի 23-ին Տանզանիայի «Կիլիմանջարո» միջազգային օդանավակայնում ձերբակալվել են ազգությամբ հայ 52-ամյա Արտյոմ եւ 44-ամյա Էդուարդ Վարդանյանները: Տանզանական The Citizen պարբերականը հաղորդել էր, իբր եղբայրները փորձել են բեռնատար ինքնաթիռով Ալբանիա տեղափոխել 61 կապիկ:

Ձերբակալված Արտյոմ Վարդանյանը Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող «Ջամբո Պարկ» ռեստորանային համալիրի սեփականատերն է, որտեղ պահվում են բազմաթիվ էկզոտիկ կենդանիներ: