Վրաստանի նախկին նախագահ, ուկրաինական Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ կարող է հանգիստ Վրաստան այցելել, որտեղ նրա դեմ մի շարք քրեական գործեր են հարուցվել, եւ ոչ ոք իրեն չի դիպչի: Այս մասին նա հայտարարել է «112 Ուկրաինա» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Գրուզիա Օնլայնի փոխանցմամբ՝ նա վստահ է, որ իրեն կպաշտպանեն իր կողմնակիցները, ինչպես նաեւ զինվորականներն ու իրավապահները, որոնք սատարում են իր քաղաքական ուժին: «Նրանք (գործող իշխանությունը - խմբ.) քրեական գործ են հարուցել, բայց վերջերս Թբիլիսիում ցույց է անցկացվել, որին 70 հազար մարդ է մասնակցել. դա չափազանց շատ է: Դա նշանակում է, որ այնտեղ ինձ ոչ ոք նույնիսկ մատով չի դիպչի, այն դեպքում, երբ գրեթե ամբողջ ոստիկանությունը ձեր կողմն է, զինված ուժերը ձեր կողմն են, այսինքն՝ պետականության եւ օրինականության»,- հայտարարել է նա:

Սահակաշվիլին նշել է, որ Վրաստան չի ժամանել՝ բռնի գործողություններից խուսափելու համար, սակայն հավելել է, որ հոկտեմբերի 8-ի ընտրություններից հետո անպայման կայցելի, բայց դա իր վերադարձը չի լինի, քանի որ մտադիր է շարունակել աշխատել Ուկրաինայում: