Գերմանական ոստիկանությունը Հեմնից քաղաքում պայթյունի սպառնալիքի պատճառով բնակելի շենք է տարհանել: Այս մասին հաղորդում է DW-ն՝ վկայակոչելով MDR հեռուստաալիքը:
Բնակիչներին տարհանելուց հետո դեպի շենք բոլոր ճանապարհները շղթայվել են: Տեղական ոստիկանների փոխանցմամբ՝ հաղորդում են ստացել, որ պատրաստվում են պայթեցնել շենքը: Հատուկ ջոկատայինները խուզարկում են այն: Գործողության շրջանակում սակրավորները ծրագրված պայթյուն են իրականացրել, որը, սակայն, վտանգ չի ներկայացնում շրջապատի համար:
Միաժամանակ, իրավապահ մարմինների ներկայացուցիչը հերքել է տեղեկությունն այն մասին, որ ոստիկանները մահապարտի գոտիով ահաբեկչի են գնդակահարել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հեմնիցում հատուկ գործողություն է իրականացվում: Քաղաքի մի մասը փակ է: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ոստիկանությունը պոտենցիալ կասկածյալի է որոնում:




























