Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակությանը, որը պաշտոնական այցով Երեւան է ժամանել քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով:

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում, նշելով, որ ուրախ է համայն հայության մայրաքաղաք Երեւանում հյուրընկալելու Հայաստանի բարեկամներին, ովքեր ներկա են գտնվելու նաեւ Երեւանի հիմնադրման 2798-ամյակին նվիրված տոնակատարություններին:

«Անշուշտ, հաճելի է բարեկամների հետ նշել Երեւանի տարեդարձը: Մենք երախտապարտ ենք եւ մշտապես հիշում ու փայփայում ենք բոլոր այն մարդկանց անունները, ովքեր անմասն չեն թե՛ մեր ցավին, թե՛ մեր ուրախությանը»,- Փարիզի քաղաքապետին եւ նրան ուղեկցող պատվիրակության անդամներին ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահը հույս է հայտնել, որ քաղաքապետ Անն Իդալգոյի այցը Երեւան կլինի արդյունավետ եւ կնշանավորվի հետագա համագործակցության խորացման վերաբերյալ նոր պայմանավորվածություններով:

Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ հայ-ֆրանսիական բազմադարյա սերտ առնչությունները նոր որակ ու բովանդակություն են ստացել Հայաստանի անկախացումից հետո, եւ այսօր այդ հարաբերությունները բնորոշվում են որպես առանձնաշնորհյալ: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել բոլոր ոլորտներում զարգացող եւ տարեցտարի ամրապնդվող հայ-ֆրանսիական սերտ փոխգործակցությունը, նշելով, որ վերջին տարիների քաղաքական կանոնավոր երկխոսությունը, բարձր մակարդակի փոխայցելություններն ու շփումները, համագործակցությունը միջխորհրդարանական եւ բազմակողմ ձեւաչափերում, մշակութային, կրթական ակտիվ կապերը, ապակենտրոնացված համագործակցությունը շուրջ չորս տասնյակ քաղաքների ու շրջանների միջեւ, ինչպես նաեւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում արդյունավետ աշխատանքը ամուր հիմք եւ լավ նախադրյալներ են հայ-ֆրանսիական հարաբերությունները շարունակաբար խորացնելու համար:

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն եւ Նախագահ Սերժ Սարգսյանը համակարծիք են եղել, որ երկկողմ հարաբերությունների կայացման ու զարգացման գործում անուրանալի ավանդ ունի ֆրանսահայ համայնքը, որի մի ստվար հատվածը բնակվում է հենց Փարիզում: ՀՀ Նախագահը շնորհակալություն է հայտնել տիկին Իդալգոյին՝ փարիզահայության հանդեպ ուշադիր եւ մշտապես բարյացակամ վերաբերմունքի համար՝ կարեւորելով նաեւ նրա անձնական ներգրավվածությունը նաեւ երկու բարեկամ երկրների մայրաքաղաքների միջեւ օրեցօր ամրապնդվող համագործակցության գործում: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Փարիզի քաղաքապետի եւ քաղաքապետարանի աջակցությունը ապրիլի 24-ի ամենամյա հիշատակի միջոցառումների կազմակերպմանը, ինչպես նաեւ Նախագահ Ֆրանսուա Օլանդի գլխավորած պատվիրակության կազմում 2015թ. ապրիլի 24-ին տիկին Իդալգոյի այցը Երեւան:

Նախագահ Սերժ Սարգսյանը մեծապես կարեւորել է Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, ներգրավվածությունը եւ Նախագահ Օլանդի անձնական ներդրումը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում՝ ի նպաստ մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության: