Մարոկկոյի խորհրդարանական ընտրություններին հաղթել է «Արդարության ու զարգացման կուսակցությունը»։ Այն 125 տեղ է ստացել Ներկայացուցիչների պալատում, ինչի արդյունքում չափավոր իսլամիստական համարվող այս կուսակցության ներկայացուցիչը կկարողանա ղեկավարել կառավարությունը, հայտնում է BBC–ն։
Մարոկկոյում ընտրությունները կայացել են հոկտեմբերի 7-ին։ Երկրի ՆԳՆ-ն ավարտել է ձայների հաշվարկը։ Ըստ գերատեսչության տվյալների, Մարոկկոյի Ներկայացուցիչների պալատում 395 տեղերից 125-ը ստացել է «Արդարության ու զարգացման կուսակցությունը», որը իշխող է 2011 թ սկսած։
Երկրորդ տեղում «Իսկություն եւ արդիականություն» կուսակցությունն է՝ 102 տեղերով, իսկ երրորդում՝ երկրի հնագույն կուսակցությունը՝ «Իստիկլյալը»՝ 46 տեղով։
Առանձին հաշվվելու են այն քվեները, որոնցով ընտրվում են կին թեկնածուները ու երիատսարդության ներկայացուցիչները։ Խորհրդարանում նրանց 90 տեղ է հատկացված։ Մարոկկոյի ՆԳՆ տվյալներով ձայնի իրավունք ունեցող 34 մլն բնակչությունից ընտրությանը մասնակցել է 16 մլն-ը։




























