Եվրահանձնաժողովը ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ գործարքը չի դիտարկում որպես Եգիպտոսի կամ այլ աֆրիկյան պետության հետ գործարքների օրինակ:  Բրյուսելը համամիտ չէ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ այդ հարցում, փոխանցում է Spiegel-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ եվրոպական հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով եվրահանձնակատար Յոհանես Հանը դիմել է դաշնային կանցլերի գերատեսչության ղեկավար Պետեր Ալթմայերին եւ նշել, որ այդ առաջարկը կառուցողական չէ:

ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ գործարքի համաձայն՝ ԵՄ-ն պետք է Թուրքիային 3 մլրդ եվրո վճարի փախստականներին իր երկրում պահելու համար: Բրյուսելը մտահոգված է, որ Մերկելի հայտարարություններից հետո Եգիպտոսում կամ աֆրիկյան այլ երկրներում կարող են համանման գումար ստանալու հույսեր փայփայել, թեպետ այնտեղ փախստականների հարցը չի կարելի համեմատել Թուրքիայի խնդրի հետ:

Նշենք, որ ավելի վաղ Մերկելը ԵՄ-ին կոչ էր արել միգրացիոն գործարքներ կնքել նաեւ Եգիպտոսի եւ Թունիսի հետ: